Հնարավո՞ր էր խուսափել Փաշինյանի վարչապետությունից
09 Մայիսի 2025, 17:00
(Իրադարձությունների շղթան, որը Փաշինյանին հասցրեց բարգավաճման, իսկ հայ ժողովրդին՝ պատմական ողբերգության)
«Այսօր լրանում է ուղիղ 7 տարի այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ։ Այն, ինչ թվում էր վատ և կարճատև կատակ, վերածվեց Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի համար պատմական աղետի։ Մամուլում արդեն հրապարակվել են բազմաթիվ նյութեր՝ Փաշինյանի յոթնամյա կառավարման արդյունքների մասին։ Դրանք արդարացիորեն մատնանշում են Արցախի կորուստը, ՀՀ տարածքի մի մասի օկուպացիան, պետական պարտքի աննախադեպ աճը, որը գերազանցում է 13 միլիարդ դոլարը։ Սակայն մեզ համար ավելի կարևոր հարց կա՝ հնարավո՞ր էր խուսափել Փաշինյանի վարչապետությունից։
Եկեք վերականգնենք իրադարձությունների շղթան։
— 1990-ական և 2000-ական թվականներին Փաշինյանը գրում էր իր բովանդակությամբ մարգինալ հոդվածներ (օրինակ՝ «Մենք և մեր շահերը»), որտեղ առաջարկում էր Թուրքիային և ԱՄՆ-ին տրամադրել Հայաստանի տարածքով հաղորդակցման ուղիներ։ Այսինքն՝ դեռ տասնամյակներ առաջ նա աջակցում էր ու սպասարկում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին։
— 2007-2008 թվականներին Փաշինյանը միացավ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը, դարձավ Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներից մեկը, որից հետո փախավ հանցանքի վայրից՝ թողնելով 10 զոհ Երևանի փողոցներում։ Արդեն «ընդհատակից» նա սկսեց գրել հոդվածներ, որտեղ գլխավոր քննադատության թիրախը ոչ թե իշխանությունն էր, այլ ընդդիմությունը։ 2025 թվականին հայտնի դարձավ ՀՀԿ-ի անդամներից մեկից, որ Փաշինյանը նրանց անհրաժեշտ էր որպես «ընդդիմության այլընտրանք», այդ պատճառով էլ նրան հաջողվում էր «գրել ընդհատակից»։
— Մարտի 1-ից հետո՝ 2008 թվականին, Փաշինյանի քաղաքական և լրագրողական կարիերան պետք է ավարտվեր։ Ավելին, նրան նույնիսկ ժամանակավորապես բանտարկեցին։ Սակայն 2012 թվականի ընտրություններից առաջ նրան հնարավորություն տվեցին՝ ազատ արձակեցին և առաջին անգամ նվիրեցին պատգամավորական մանդատ։
— Նույն ժամանակահատվածում Փաշինյանի թերթի ֆինանսավորումը սկսեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։
— Այնուհետև եկավ 2016 թվականը, երբ ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, որտեղ ակտիվ դերակատարներից մեկը, ով «ժողովրդին հավաքում էր» և քաղաքական հայտարարություններ էր անում, հենց Նիկոլ Փաշինյանն էր։ ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցան բախումներ, տասնյակ վիրավորներ, տասնյակ քրեական գործեր, բայց Փաշինյանի վրա կրկին «ոչինչ չազդեց»։
— 2017 թվականի ընտրություններում «ԵԼՔ» դաշինքը, որը ձևավորվել էր նախկին իշխանությունների օգնությամբ, մտավ Ազգային ժողով։ Փաշինյանը կրկին ստացավ պատգամավորական մանդատ։
— 2018 թվականին Սերժ Սարգսյանը խախտեց սեփական խոստումը և երրորդ անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում, ինչը հանգեցրեց զանգվածային բողոքի ակցիաների։ Նիկոլ Փաշինյանն, օգտվելով արդարացի դժգոհության ալիքից, շարժվեց դեպի Երևան, ներխուժեց պահպանվող «Ռադիոյի տուն», բայց նրան չզրկեցին անձեռնմխելիությունից և չկալանավորեցին։
— «Ռադիոյի տանը» տեղի ունեցածի և «Մարիոթում» բանակցություններից» հետո Փաշինյանին առևանգեցին հենց ամբոխից, բայց կրկին չպատժեցին, այլ ազատ արձակեցին։ Չնայած նրա և ևս 3-4 ակտիվիստների ձերբակալությունը կարող էր «փակել բոլոր հարցերը»։
— Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն չառաջադրեց վարչապետի իր թեկնածուին և նույնիսկ տրամադրեց անհրաժեշտ ձայները Փաշինյանի ընտրվելու համար։ Չնայած որ խորհրդարանական մեծամասնությունը նրանց ձեռքում էր, և նրանք կարող էին ընտրել վարչապետի պաշտոնում ցանկացած անձ, այդ թվում նրանց, ում այսօր կուսակցությունը դիտարկում է որպես վարչապետի թեկնածու։
2018 թվականի «հայկական գարնանից» հետո Բելառուսի և Վրաստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ եթե իշխանությունը չի ցանկանում հեռանալ, ապա նա չի հեռանում։ Նա չի հանձնվում ու չի հանձնում, ու ցանկացած «հզոր ուժի» դեմ հայտնվում է ավելի հզորը, որն օգնում է պաշտպանել պետությունը։ Իսկ մեզ մոտ իրավիճակն այնպիսին է, որ 7 տարի անց Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանության ղեկին է, և արդեն ամբողջ Հայաստանը վտանգված է։
Մտածե՛ք այդ մասին․․․»։