Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Էթնիկ կոդ Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Թուրքական «անտեսանելի ձեռքը» Բեռլինում Բայրամովի և Միրզոյանի բանակցություններում

29 Փետրվարի 2024, 17:05

(2023 թվականի սցենարը կրկնվում է միլիմետրի ճշգրտությամբ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Հայ-ադրբեջանական բանակցությունները երկար տարիներ ուղեկցվել են շփման գծում տեղի ունեցող միջադեպերով: Իրավիճակը մնացել է անփոփոխ նաև 2020 թվականից հետո. դիվանագիտական ճնշումը Ադրբեջանը համատեղում է ռազմական ճնշումների հետ։

Երկար դադարից հետո Բեռլինում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, և բավական չէ, որ այդ բանակցությունները տեղի են ունենում Սումգայիթյան ողբերգության հերթական տարելիցի օրը, հենց այսօր էլ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։

Բեռլինի բանակցություններում կա ևս 2 նրբություն. ինչպես նախկինում Ադրբեջանը ցանկանում էր, բանակցություններն ընթանում են առանց միջնորդների, այնպես էլ բանակցություններին մասնակցում է նաև Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցությունների գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանը, որպես Թուրքիայի հետ բանակցությունների գծով հատուկ ներկայացուցիչ, առաջին անգամը չէ, որ մասնակցում է Երևանի և Բաքվի բանակցություններին։ Դա եղել էր նաև 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում։ Դեռ 2023 թվականին արդիական էին հետևյալ հարցերը՝ ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ նպատակով և ի՞նչ կարգավիճակով է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին։ Արդյոք հայ-թուրքական հարաբերություններն ընդգրկված են հայ-ադրբեջանական բանակցություններում, արդյոք այս երկու գործընթացները փոխկապակցված են։

Դեռևս 2023 թվականի մայիսին ակնհայտ էր, որ Ռուբինյանի ներկայությունը Վաշինգտոնում Երևանի և Բաքվի բանակցություններին պայմանավորված էր նրանով, որ գործընթացի շրջանակներում հաշվի էին առնվել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Կարևոր է նաև հիշել, թե ինչ հաջորդեց 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած բանակցություններին։ Հունիսին Հակարիի կամրջի վրա կասկածելի միջադեպ տեղի ունեցավ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում դրոշը բարձրացնելու փորձով, որին փորձեցին հակազդել ռուս խաղաղապահները (չնայած Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն այլ կերպ է ներկայացրել իրականությունը և ռուսներին մեղադրել է Ադրբեջանին օգնելու մեջ), որից հետո կամրջի վրա կրակոցներ էին հնչել, և դրանից հետո Ադրբեջանն ամբողջությամբ փակել էր Լաչինի միջանցքը։

Իսկ ընդամենը մի քանի ամիս անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցից հետո, Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, ինչն ավարտվեց էթնիկ զտումներով և հայերի արտաքսմամբ իրենց պատմական հայրենիքից։

Կրկին նշենք, որ 2023 թվականի իրադարձությունների շղթայում կարևոր հանգրվանը հենց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն էին, որոնց ուշադրության կենտրոնում էր նաև թուրքական տարածաշրջանային շահերի պահպանման հարցը։ Եվ ահա Արցախի անկումից հետո իրավիճակը կրկնվում է միլիմետրի ճշգրտությամբ, չեն փոխվում անգամ գործող անձինք և նրանց գործողությունների ալգորիթմը․․․

Ինչ վերաբերում է բանակցային ողջ գործընթացի տրամաբանությանը, ապա պետք է հստակ արձանագրել, որ եթե մենք շարունակենք տեսնել Արևմուտքի հովանու ներքո Ադրբեջանի համաձայնությամբ բանակցությունների ակտիվացմանը, դա կնշանակի, որ Բաքուն, ինչպես 2023 թվականին, այնպես էլ հիմա ուզում է ստանալ ամեն ինչ:

Եթե 2023-ին «ամեն ինչ» դա Արցախն էր, ապա հիմա «ամեն ինչ» կարող է լինել արդեն Հայաստանը… Ի վերջո, հենց այս քաղաքական նախագծով էլ արտահերթ ընտրությունների գնաց Իլհամ Ալիևը 2024 թվականի փետրվարին․․․

Մտածե՛ք այդ մասին…»։