Քաղաքապետարանը տրանսպորտի սակագնի հարցում կարող է կրկին մտափոխվել. Զարոկյան

24 Հունվարի 2025, 20:40

Քաղաքականություն

Փետրվարի 1-ից տրանսպորտի սակագնի թանկացմանն ընդառաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հաշվի առնելով քաղաքացիների բողոքը, նոր փաթեթներ է առաջարկել երթևեկության համար՝ նախկին առաջարկված փաթեթների գինը որոշակիորեն նվազեցնելով:
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի հետ:

«Կարծես՝ ժողովրդի կես տոկոսն է այդ փաթեթները գնել: Չեմ կարծում՝ շատ կգնեն: 5 տոկոսը հաստատ չի անցնելու, վստահաբար: Դա անհեթեթություն է, ժողովուրդը ծիծաղում է քաղաքապետարանի վրա: Երևանի քաղաքապետարանը թաթախված է կոռուպցիայի մեջ: Ոչ մի քաղաքացի չի կարող լուրջ վերաբերվել այսպիսի կոռումպացված քաղաքապետարանին»,- ասել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ տրանսպորտի թանկացումն ու մարդկանց աշխատավարձը պիտի միմյանց համապատասխանեն:

«Արտասահմանում թանկացումներն ու մարդկանց աշխատավարձը միմյանց համապատասխանում են: Այսինքն՝ եթե քո աշխատավարձը ամսական 4000-5000 դոլար է, դու կարող ես 60-70 դոլար տալ տրանսպորտի համար: Բայց եթե աշխատավարձդ 500-600 դոլար է, դու չես կարողանա 50-60 դոլար տալ, դրանք պիտի միմյանց համապատասխանեն: Երևանում այս պահին թանկացումներն ու ժողովրդի եկամուտը չեն համապատասխանում»,- նկատել է Պեդրո Զարոկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: