Քոչարյանի և Ծառուկյանի դեպքում գործողություններն իրականացվում են մեկ կենտրոնից․ Աննա Գրիգորյան
25 Օգոստոսի 2026, 16:55
Այն, որ երեկ փաստացի թիվ 1 ամբիոնից հնչեցվել է քաղաքական պատվեր՝ նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում սկսելու, ակնհայտ է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ նույն ձեռագիրը կիրառվում է նաև Գագիկ Ծառուկյանի պարագայում, որի դեպքում գործողություններն իրականացվում են մեկ կենտրոնից։
«Ծառուկյանի դեպքում էլ այդպես եղավ․ միանգամից տուն են մտնում, ձերբակալում, հետո՝ կալանավորում, և բոլոր բիզնեսների նկատմամբ են գործողություններ իրականացնում։ Նույնիսկ Սիրուշոյի խանութ-սրահներ են մտել, կապարակնքել հիմնական օֆիսը։ Սա ուղիղ մեկ կենտրոնից՝ մարդու, ընտանիքի և իր հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդում է»,- նշել է Գրիգորյանը։