Ռուբինյանը հերքել է ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեությունը խստացնելու լուրերը

29 Հուլիսի 2026, 10:30

Քաղաքականություն

Նորընտիր ԱԺ–ի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հերքել է ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեությունը խստացնելու լուրերը։ Ռուբինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուբինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն` լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն հատուկ առանձնացված տեղերում, այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությունը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր այս որոշմանը` նշելով, որ Ռուբեն Ռուբինյանը, դեռևս ԱԺ նախագահի լիազորությունները չստանձնած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։

Ռուբինյանը պնդում է, թե ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։
«ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը»,– գրել է նորընտիր ԱԺ—ի նախագահի թեկնածուն։