Ռուս-հայկական հարաբերությունների ապագան. քննարկում «Լազարյան ակումբում»

02 Հունիսի 2026, 20:31

Քաղաքականություն

Այսօր Մոսկվայում՝ Հայ Առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում, տեղի է ունեցել «Լազարյան ակումբ»-ի արտահերթ նիստը՝ «Ռուսաստանն ու Հայաստանը միասի՞ն, թե՞ առանձին» խորագրով։ Նիստը հրավիրվել էր Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններում առաջացած լարվածության պատճառով՝ Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ։

Քննարկման ընթացքում ռուս-հայկական հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, «Լազարյան ակումբ»-ի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է, որ խոսքը միայն միջպետական հարաբերությունների մասին չէ, այլև ամբողջ աշխարհում ռուս և հայ ժողովուրդների միջև կապերի ապագայի։

Պատգամավորի խոսքով՝ վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զգալիորեն սրվել են։

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են, և մենք խորապես ցավում ենք, որ ձեռնարկված միջոցները, սահմանափակումներն ու առաջացած խնդիրները, ամենայն հավանականությամբ, անդրադառնում են Հայաստանի քաղաքացիների և երկրի բնակչության վրա»,- հայտարարել է Զատուլինը։

Նիստի մասնակիցները քննարկել են առկա լարվածության պատճառները, երկկողմ համագործակցության հեռանկարները, Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր սցենարները։

Քննարկմանը մասնակցել են երկու երկրների հասարակական գործիչներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների, մշակույթի և հոգևոր ոլորտի ներկայացուցիչներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում առաջիկա օրերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Լազարյան ակումբ»-ի մասնակիցները կարծիքներ են փոխանակել այն մասին, թե քվեարկության արդյունքներն ինչպես կարող են ազդել ռուս-հայկական հետագա համագործակցության բնույթի, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ երկխոսության զարգացման վրա։

«Լազարյան ակումբ»-ը ռուս-հայկական հասարակական և փորձագիտական երկխոսության հարթակ է, որտեղ քննարկվում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային օրակարգին առնչվող ամենաարդիական հարցերը։