Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին. Արամ Վարդևանյան

14 Ապրիլի 2026, 14:30

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը դիմում-միջնորդություն է հասցեագրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը, ապրիլի 15-ին՝ ժամը 10։30-ին, տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ դատական նիստ։

«Չափազանց կարևորում ենք մեր հայրենակիցների, գործընկերների հայտարարությունները, որոնցում նրանք հայտնում են իրենց աջակցությունը և լինելու են Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեի հարակից տարածքում»,- նշել է փաստաբանը։

Վարդևանյանի խոսքով՝ յուրաքանչյուր ժամն էական նշանակություն ունի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից:

«2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և առանցքային է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա մասնակցելու քաղաքական գործընթացին։ Կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է»,- ընդգծել է փաստաբանը։

Հիմա եթերում