«Հայկական շախմատի հրաշքը»․ Անդրեյ Տերեխովի հոդվածը՝ նվիրված հայկական շախմատին

28 Մարտի 2024, 01:00

Կարծիք | Սպորտ

Ռուս շախմատային պատմաբան Անդրեյ Տերեխովը հոդված է նվիրել Հայաստանին, որը 10 ուժեղագույն շախմատիստների միջին վարկանիշով զբաղեցնում է 6-րդ տեղն աշխարհում:

Հայաստանի հավաքականը 21-րդ դարում շախմատի համաշխարհային օլիմպիադաներում հաղթանակների քանակով առաջատարն է։ Հայ շախմատիստները երեք անգամ ոսկե մեդալ են նվաճել՝ 2006, 2008 և 2012 թվականներին։ 2022 թվականին, նույնիսկ այն բանից հետո, երբ թիմից հեռացավ երկարամյա առաջատար Լևոն Արոնյանը, նրանք Ուզբեկստանի հավաքականի հետ հավասար միավորներ վաստակեցին և երկրորդ տեղը զբաղեցրեցին Համաշխարհային Օլիմպիադայում՝ դառնալով արծաթե մեդալակիր։

Շախմատային պատմաբան Անդրեյ Տերեխովն իր «Հայկական շախմատի հրաշքը» հոդվածում պատմել է, թե ինչպես է ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը կարողացել նման հաջողությունների հասնել։

«Հայաստանը, թերևս, աշխարհի ամենաշախմատային երկիրն է։ Այն քիչ երկրներից է, որը դպրոցներում շախմատի դասերը պարտադիր է դարձրել։ Հայաստանում ոչ միայն շատ են շախմատիստները, այլև շատ են լավ շախմատիստները: 2020 թվականին Հայաստանը 6-րդն էր աշխարհում՝ ելնելով լավագույն տասնյակի շախմատիստների միջին վարկանիշից»,- գրել է Անդրեյ Տերեխովը:

Նա հռետորական հարց է տվել. «Ինչպե՞ս է շախմատն այդքան հայտնի դարձել ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող այս փոքրիկ երկրում»:

Տերեխովը փորձել է պարզել, թե որն է հայկական շախմատային հրաշքի գաղտնիքը։