Ստացվում է՝ Կառավարության կառուցվածքը դեռ չքննարկած՝ պետք է ծրագիրը քննարկենք․ Արամ Վարդևանյան
21 Օգոստոսի 2026, 18:42
Կառավարության ծրագրի ստուգումը կամ վերահսկողությունը պետք է իրականացվի ըստ ճյուղային մշտական հանձնաժողովների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ նախատեսված է, որ Կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում ծրագիրը պետք է ներկայացվի Ազգային ժողով, որն էլ 7 օրվա ընթացքում պետք է քննարկի այն: Սակայն սահմանադրաիրավական տեսանկյունից խորհրդարանը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել:
«Կառավարությունն այս անգամ նաև բերել է Կառավարության կառուցվածքի հետ կապված փոփոխության օրենքի նախագիծ, որը բերել է ոչ թե Կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո, այլ նախքան այդ։ Սա հենց կրկին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով հատուկ ընթացակարգ է նախատեսում… Մենք, ստացվում է, Կառավարության կառուցվածքը դեռ չքննարկած՝ պետք է ծրագիրը քննարկենք»,- ասել է նա։
Վարդևանյանն ընդգծել է, որ խնդիրը ստեղծվել է բացառապես իշխանության կողմից, քանի որ եթե ընդդիմության առաջադրած 3 թեկնածուներն ընտրվեին հանձնաժողովների նախագահների պաշտոններում, ժամկետային այս խնդիրը չէր առաջանա: