Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ին, պետք եղածի դեպքում կհարվածի. Հոսեյնի
19 Հունիսի 2026, 14:30
Իրանի համար ձեռք բերված պայմանավորվածության կետերը, ընդհանուր առմամբ, շահավետ են։ Այնուամենայնիվ, մտահոգության առիթ դեռևս կա, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ հենց Միացյալ Նահանգներն են բազմիցս խախտել իրենց ստանձնած պարտավորությունները։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իրանցի քաղաքական մեկնաբան Պույա Հոսեյնին։
«Եթե որևէ կողմ պետք է մտահոգություն ունենա, ապա դա Իրանի կողմն է, քանի որ չկա երաշխիք, որ Միացյալ Նահանգները մինչև վերջ կկատարեն իրենց պարտավորությունները։ Երկու կողմերն էլ պետք է փորձեն ամբողջությամբ կյանքի կոչել ստանձնած պարտավորությունները»,- նշել է նա։
Հոսեյնին ընդգծել է, որ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելն արդեն հայտարարություններ է անում համաձայնագրի որոշ կետերից, մասնավորապես՝ Լիբանանի վերաբերյալ դրույթներից հրաժարվելու մասին։
«Իրանը չի հրաժարվի իր պարտավորություններից և չի խախտի դրանք, սակայն եթե մյուս կողմը խախտի պայմանավորվածությունները կամ նոր հարձակում իրականացնի Իրանի դեմ, Թեհրանը կրկին շատ ուժեղ պատասխան կտա բոլոր ուղղություններով»,- եզրափակել է Պույա Հոսեյնին։