«TRIPP» նախագիծը չի կարող իրականացվել առանց Ռուսաստանի մասնակցության․ Գրիգոր Բալասանյան
17 Հուլիսի 2026, 22:20
«TRIPP» նախագիծը չի կարող իրականացվել առանց Ռուսաստանի ցանկության ու մասնակցության։ Alpha News-ի տաղավարում այս մասին ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով՝ Կոնստանտին Սոկոլովի նշանակումը «TRIPP+» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում փաստացի նշանակում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարզապես վերաձևակերպվել է և ներկայանում է նոր՝ «TRIPP+» անվանմամբ։
«Սա նշանակում է, որ ուժի մեջ են մնում նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված բոլոր դրույթները՝ ռուս սահմանապահների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, սահմանային անցակետերում բեռների ստուգումը և անձնագրային վերահսկողությունը, որը նախատեսվում էր ներդնել»,- պարզաբանել է Բալասանյանը։
Ըստ միջազգայնագետի՝ եթե ներկայիս իրավիճակը ձևակերպված լիներ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանն այսօր շատ ավելի շահավետ դիրքերում կլիներ և, հնարավոր է՝ Արցախն էլ կորսված չլիներ։
«Սակայն մենք տրվեցինք հակառուսականության համաշխարհային միտումներին, հրաժարվեցինք մեզ համար շահավետ տարբերակից և գնացինք Վաշինգտոն՝ ստորագրելու մի պայմանագիր, որն արդեն իսկ ստորագրել էինք Մոսկվայում։ Արդյունքում այսօր ստացել ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի շատ ավելի վատ տարբերակը։
Եթե այն ժամանակ Հայաստանը 100%-ով օգտվելու էր ապրանքների տարանցումից ստացվող եկամուտներից, ապա հիմա մեզ հասնելու է ընդամենը 26 տոկոսը։ Այդ գումարն էլ, վստահաբար, կձևակերպեն որպես խորհրդատվական ծախսեր ու ներդրումներ, և մենք այն այդպես էլ չենք տեսնի։ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվել են, բայց, ցավոք, այս խոշոր գործարքում Հայաստանի շահերը բացարձակապես հաշվի չեն առնվել»,- եզրափակել է փորձագետը։
Նշենք, որ «TRIPP» ընկերության բաժնեմասերի միայն 26 տոկոսն է պատկանելու Հայաստանին, իսկ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին։