Վստահ ենք, որ մեր թիմից որևէ մեկը չի միանա ՔՊ-ին․ Սամվել Կարապետյան
12 Հունիսի 2026, 17:28
Վստահ ենք, որ պատգամավորական մանդատներ վերցնելու դեպքում մեր թիմից որևէ մեկը չի միանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Նրանք են միանալու մեզ։ Մենք ունենք վստահություն, որ մեր թիմից չեն միանալու ՔՊ-ին»,- հավելել է նա։
Դիտարկմանը, թե վստա՞հ են, որ «իրենց թիմում ևս գեղամ նազարյաններ ու իշխան զաքարյաններ չեն լինի, ցուցակից իշխանական ճամաբար արտագաղթողներ չեն լինի», Սամվել Կարապետյանը պատասխանել է․ «Ուղիղ ասե՞մ, եթե նույնիսկ նման մարդիկ հայտնվեն, դա իրենց չի օգնելու։ Չեն միանա ՔՊ-ին, ունեմ վստահություն»։
Նրա խոսքով՝ իրենք միշտ ակնկալում ենք արդարություն, սակայն համոզվում են, որ այն չկա, և այդ պատճառով անցնում են հաջորդ քայլին, այն է՝ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։
«Նիկոլ Փաշինյանն այսքան ապօրինություններից հետո չի կարող լինել լեգիտիմ իշխանություն, իսկ Հայաստանը, չունենալով լեգիտիմ իշխանություն, միայն կբացի դարպասներն ադրբեջանցիների համար։ Դրա համար խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել այս հարցում։ Եթե իրենք վստահ են, որ հաղթել են, թող մեկ ամսվա ընթացքում կազմակերպեն նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ»,- նշել է Սամվել Կարապետյանը։
Նա նաև ասել է, որ իր թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի երկիրը դրվի զարգացման ճանապարհի վրա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գործարարը երկար տարիներ մնալու է Հայաստանում, վերջինս նշել է․ «Միայն մեկ ճիշտ բան է ասել, որ ես երկար եմ մնալու Հայաստանում՝ 10 տարի»։
Մանրամասները՝ տեսանյութում։