Ընտրությունների արդյունքները չարդարացրին սպասելիքները, բայց ամեն ինչ դեռ առջևում է․ Ռոբերտ Մարգարյան

Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններն ու դրանց հաջորդած ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումները շարունակում են մնալ փորձագիտական դաշտի ուշադրության կենտրոնում։ «Alpha News»-ի՝ Լոս Անջելեսի տաղավարում ստեղծված իրավիճակն ու հնարավոր զարգացումներն է վերլուծել քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը, ով վերջերս է վերադարձել Հայաստանից և անձամբ հետևել ընտրական ողջ գործընթացին։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Ռոբերտ Մարգարյանը նշել է, որ դրանք չեն արդարացրել հանրության հիմնական սպասելիքը՝ իշխանափոխությունը։ Այդուհանդերձ, նրա խոսքով, հուսալքության հիմքեր չկան։

«Անշուշտ, արդյունքներն արդեն բոլորս էլ գիտենք։ Դրանք այն չեն, ինչ ակնկալում էինք, բայց, անկեղծ ասած, ես հուսալքված և հիասթափված չեմ այդ առումով։ Կարծում եմ՝ դեռ ամեն ինչ առջևում է, և հնարավորություններ կան ինչ-որ բաներ անելու»,- նշել է քաղաքագետը։

Ըստ նրա՝ նույն տրամադրությունն է տիրում նաև հայրենիքում ապրող հայրենակիցների շրջանում։ Ռոբերտ Մարգարյանի խոսքով՝ մարդիկ չեն հանձնվել են և մտադիր չեն առաջիկա հինգ տարիներին պարզապես սպասել կամ հանդուրժել գործող իշխանության գոյությունը։

Բանախոսի կարծիքով՝ ձևավորվող Ազգային ժողովը երկար կյանք չի ունենա։ Նրա խոսքով՝ այժմ ընդդիմությունն օգտագործում է օրենքի շրջանակներում եղած վերջին իրավական գործիքակազմը՝ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու համար, և այս փուլն ավարտվելուց հետո միայն հնարավոր կլինի ականատես լինել նոր զարգացումների։

Քաղաքագետն անդրադարձել է նաև Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխհամաձայնության հուշագրին՝ զուգահեռներ անցկացնելով հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Ռոբերտ Մարգարյանի խոսքով՝ երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է տասնամյակների պատմություն և խոր արմատներ ունեցող խնդիրների։

«Պատկերացնել, որ ստորագրված այս փաստաթուղթը վերջնական խաղաղություն է բերելու, կարծում եմ, մի փոքր պարզամտություն կլինի»,- նշել է նա։

Շարունակելով թեման՝ Մարգարյանն ասել է, որ այս փուլում թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի համար առաջնային էր խուսափել պատերազմից։ Նրա խոսքով՝ Իրանը գտնվում է ծանր տնտեսական իրավիճակում, ինչի մասին անձամբ խոստովանել է նախագահ Փեզեշքիանը՝ նշելով, որ շրջափակման հետևանքով վերջին ամիսներին երկիրը չի կարողացել վաճառել անգամ մի քանի բարել նավթ։ Միաժամանակ, ըստ Մարգարյանի, Թրամփին ևս ձեռնտու չէր նոր պատերազմը՝ պայմանավորված ԱՄՆ-ի ներքին խնդիրներով։