«Armat Media»-ի աշխատակիցները հարցաքննվում են Քննչական կոմիտեում

06 Հուլիսի 2026, 16:25

Քաղաքականություն

Հունիսի 5-ին «Armat Media» լրատվամիջոցի խմբագրություն իրավապահների ներխուժումից, տեխնիկայի առգրավումից և դռների կապարակնքումից ուղիղ մեկ ամիս անց լրատվամիջոցի աշխատակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե։ Այսօր առավոտյան ժամը 09:00-ից ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում են Armat Media-ի խմբագիրները, լրագրողներն ու օպերատորները։

Խմբագրակազմը տեղի ունեցածը որակում է բացառապես քաղաքական հետապնդում, որի նպատակն էր ընտրություններից երկու օր առաջ կաթվածահար անել անկախ լրատվամիջոցի աշխատանքը։

Արձագանքելով իշխանական շրջանակների այն դիտարկումներին, թե լրատվամիջոցի աշխատանքը խաթարված չէ, քանի որ լրագրողները շարունակում են հարցեր ուղղել Կառավարության շենքում, «Armat Media»-ի ներկայացուցիչը նշել է

«Թող գան տեսնեն «Armat Media»-ի խմբագրության կապարակնքված դռները և թող համարձակվեն, օրինակ, այդ կապարակնիքները պոկել, ներս մտնել ու հավուր պատշաճի աշխատել։ Ես հաճախ եմ հրապարակում իմ խմբագրության կապարակնքված դուռը։ Արդյոք նման դեպք հնարավոր է «Հայկական ժամանակ»-ի կամ «Civik»-ի դեպքում։ Իրենց դա դո՞ւր կգար, իրենք կկարողանայի՞ն իրենց աշխատանքը կանոնակարգել»։

Լրագրողների պնդմամբ՝ տեխնիկայի, համակարգիչների և անձնական հեռախոսների առգրավման պատճառով նրանց հաջողվել է պարալիզացնել աշխատանքը, ինչի պատճառով լրատվամիջոցը չի կարողացել ընտրությունները լուսաբանել նախատեսված ծավալով։