Ընտրությունները չեն ընթացել արդար և թափանցիկ. Հովհաննես Խուդոյան

19 Հունիսի 2026, 19:10

Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող իրավական գործընթացները մտնում են վճռորոշ փուլ։ Մասնավորապես, «Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմքում դրվել են այնպիսի էական հանգամանքներ ու փաստարկներ, որոնք իրենց ամբողջության մեջ վկայում են, որ ընտրությունները չեն եղել թափանցիկ և ուղեկցվել են համակարգային խախտումներով։

Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի՝ իրենց կողմից ներկայացվել է միայն մեկ հստակ պահանջ՝ չեղարկել ընտրությունների արդյունքները։

«Մենք երկրորդ պահանջ չենք ներկայացրել, որովհետև մեր արձանագրած խախտումներն այնպիսի ծավալի ու համակարգային բնույթի են, որոնք չեն կարող ենթադրել ինչ-որ միջանկյալ քայլերով հարցի լուծում»,- պարզաբանել է փաստաբանը՝ ներկայացնելով դիմումի հիմնական փաստարկները։

Որպես առանցքային խախտում՝ Խուդոյանը մատնանշել է իրավապահ համակարգի ներգրավվածությունը քաղաքական քարոզչությանը։ Ըստ նրա՝ քննչական մարմիններն ուղղակիորեն համագործակցել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ կատարելով հրապարակումներ, որոնք խախտել են անմեղության կանխավարկածը։

«Ամենասուր և կարևոր խնդիրն այն է, որ հրապարակվել են իրավական նշանակություն չունեցող գաղտնալսումներ՝ ընդդիմադիրներին բացասական լույսի ներքո ներկայացնելու համար։ Դասական օրինակ է, երբ խոսակցության մեջ հնչած ինչ-որ արտահայտություն որևէ հանցակազմ չի պարունակում, բայց Քննչական կամ Հակակոռուպցիոն կոմիտեն, նյութը մոնտաժելով, հրապարակում է այն, որպեսզի իշխող ուժն օգտագործի իր քարոզչության մեջ։ Եվ այսպիսի դեպքերը բազմաթիվ են»,- ընդգծել է փաստաբանը։