100 դրամանոցների, տրանսպորտի թերի բարեփոխումների մասին և ո՞վ է 13 օր տնօրինում ուղեվարձը. Հրայր Կամենդատյան

29 Նոյեմբերի 2024, 10:30

Քաղաքականություն

Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից, ինչը նշանակում է, որ տրանսպորտի գինը թանկանալու է: Օրինակ՝ 10 ուղևորության համար անձը պետք է վճարի 2100-ից 2200 դրամ, 30 օրվա փաթեթը, որն անսահմանափակ ուղևորություններ է նախատեսում, արժե 8800-ից 9000 դրամ: Անսահմանափակ ուղևորություններով եռամսյա և տարեկան փաթեթներ էլ կան, որոնք արժեն 23 600 և 88 000 դրամ:

Երևանի ավագանու իշխող ուժից՝ «Քաղաքացիական պայմանագրից», հայտարարել են, որ միասնական տոմսային համակարգին անցնելը տրանսպորտի բարեխոխման ծրագրի մաս է կազմում։ Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը արդարացնելով տրանսպորտի թանկացման իրենց ուժի ընդունած որոշումը՝ հայտարարել է, որ «եթե տրանսպորտային միջոցը թանկ է, տրանսպորտային միջոցից օգտվելն էլ պիտի թանկ լինի»:

Տրանսպորտային ցանցի բարեփոխման և միասնական տոմսային համակարգի ներդրման մասին Alpha News-ը զրուցել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ: Նրա գնահատմամբ՝ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխումը թերի է արվել:

«Միասնական տոմսային համակարգին անցնելու քաղաքապետարանի գործողություններից տպավորություն է, որ մեթոդ չի կիրառվել: Գոնե դիալեկտիկական իմաստով մարդիկ չեն կարողանում կառուցել ամբողջ համակարգը: 2013-ին միջազգային խորհրդատուի կողմից մշակված տրանսպորտի բարեփոխման բարձրակարգ ծրագիրը դրել են մի կողմ և փորձել են արհեստական, իրենց պատկերացումներով կառուցել այս համակարգը»,- ասաց Հրայր Կամենդատյանը՝ հավելելով, որ միասնական տոմսային համակարգը քաղաքապետարանը կարող էր փորձարկել մի քանի երթուղիների վրա, հասկանար դրա արդյունավետությունը, հետո միայն անցներ համակարգի ամբողջական ներդրմանը:

Խոսելով Երևանում հանրային տրանսպորտի շարժակազմից, տնտեսագետն ասաց, որ 800 ավտոբուսների 70%-ն է երթուղի դուրս գալիս: Մետրոյի շարժակամզն ըստ նրա՝ հագեցված է մոտ 75%-ով, ինչը վկայում է ոչ արդյունավետ աշխատանքի մասին:  

«Մենք ունենք ուշ եկող վագոններ, ժամանումների միջև ինտերվալը 8-ից 9-ը րոպե է, ավտոբուսների դեպքում ինտերվալներն ավելի շատ են: Սա նշանակում է, որ երթուղիների մշակումը ճիշտ ուղով չի իրականացվել: Երթուղիները պետք է լինեին ավելի կարճ, երթուղիներ մտնող ավտոբուսների քանակը ավելի շատ պետք է լիներ և երթուղիները ոչ թե իրար պետք է կրկնեին, այլ համադրվեին իրար: Ինչ վերաբերում է իշխող ուժից արված այն հայտարարությանը, որ «եթե տրանսպորտային միջոցը թանկ է, տրանսպորտային միջոցից օգտվելն էլ պիտի թանկ լինի», ապա հարց եմ տալիս Արմեն Գալջյանին՝ երբ նոր ավտոբուսները հնանան, ուղեվարձը իջեցնելո՞ւ եք»,- նկատեց Հրայր Կամենդատյանը:

Տնտեսագետը շեշտեց, որ Երևանում հանրային տրանսպորտի ցանցում այսօր պակասում է մոտ 300-ից 400 ավտոբուս, բացի այդ նրա խոսքով՝ նոր կանգառների շինարարություն չի կատարվել մայրաքաղաքում:

«Փաստորեն հայտարարվում է բարեփոխման մասին, բայց անհրաժեշտ միջոցառումները չեն կատարվել»,- ասաց նա:

Կամենդատյանն անդրադարձավ նաև քաղաքապետարանի այն պահանջին, ըստ որի՝ նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտի ուղեվարձը պետք է վճարվի բացառապես 100 դրամանոցով, կամ Telcell-ի բջջային հավելվածով կամ էլ Telcell-ի տերմինալներից գնված QR կոդով:

«Կենտրոնական բանկի մասին օրենքի 41-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ որևէ սահմանափակում անվանական արժեքով թղթադրամի, մետաղադրամի կամ հուշադրամի՝ չի կարող լինել: Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել, որ միայն 100 դրամով վճարենք այս կամ այն ծառայության կամ ապրանքի դիմաց: Պետք էր բերել այնպիսի սարքեր, որոնք ոչ միայն 100 դրամ կընդունեին, այլև ուրիշ մետաղադրամներ»,- նշեց Հրայր Կամենդատյանը:

Միասնական տոմսային համակարգի ներդրումն ապահովում է Telcell ընկերությունը, որը շահել է քաղաքապետարանի հայտարարած մրցույթը: Այս ընկերությունը պարտավորվել է ներդրումներ կատարել միասնական տոմսային համակարգի ներդրման համար: CivilNet-ին տված հարցազրույցում Telcell-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը հայտարարել է, որ 5 տարվա համար Telcell-ի կատարած ներդրումների չափը կազմելու է 1,5 մլրդ դրամ: Նա հայտարարել էր նաև, որ այդ ներդրումներն արվում են ընկերության հաշվին, այսինքն՝ քաղաքապետարանն իրենց չի վճարում, և ընկերության միակ շահը հաճախորդների բազան մեծացնելն է:

Հրայր Կամենդատյանը մեջբերելով Երևանի քաղաքապետարանի և Telcell ընկերության միջև կնքված պայմանագիրը, ուշադրություն հրավիրեց մի դրույթի վրա, որով ըստ նրա՝ քաղաքապետարանը Telcell-ին հանձնելու է ուղևորավարձի գանձման ամբողջ պրոցեսը, ինչն իրենից ըստ տնտեսագետի՝ենթադրում է հետևյալը.

«Իրենք պայմանավորվել են, որ 13 օրը մեկ Telcell-ը հավաքագրված գումարը փոխանցելու է Երևանի քաղաքապետարանին: Ստացվում է, որ 13 օր շարունակ ակումուլացվող ուղևորավարձը մնալու է Telcell-ի տրամադրության տակ: Եթե Երևանի քաղաքապետարանը պնդում է, որ մեկ օրվա ընթացքում 600 000 քաղաքացի մասնակցել է ուղևորափոխադրմանը, եթե մեկ ուղևորավարձը հաշվենք 300 դրամով, մենք ունենում ենք օրական մոտ 180 մլն դրամ, սա փոքր գումար չէ, 13 օրվա կտրվածքով դա կազմում է 2,5-2,7 մլրդ դրամ:

Այդ գումարը կարող է տեղադրվել բանկերից մեկում որպես ավանդային գումար կամ էլ ներդրվել պետական կարճաժամկետ պարտատոմսերի մեջ, որից ստացված եկամուտն, ի դեպ, չի հարկվում: Ստացվում է, որ Telcell-ին հնարավորություն է տրվել ազատ ֆինանսական ռեսուրսը ակումուլացնել իր մոտ և 13 օր հետո այդ գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանին»:

Հավելենք, որ 2028-ից միասնական տոմսային համակարգի սպասարկումը Telcell ընկերությունը հանձնելու է քաղաքապետարանին:

Մանրամասները՝ տեսանյութում: