ՌԴ-ն ՀՀ-ին ընկալում է երկիր, որի հետ ունի պատմական կապեր․ Մարիա Զախարովա

13 Հուլիսի 2026, 11:00

Քաղաքականություն

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը ընկալում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես երկիր, որի հետ ունի պատմական կապեր, համատեղ նախագծեր, ընտանեկան հարաբերություններ, բիզնես և ճակատագրերի սերտ փոխկապակցվածություն։

Խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին՝ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան միշտ ձգտել է աջակցել Երևանին։ Այս աջակցությունը թելադրված է եղել ոչ միայն աշխարհաքաղաքական շահերով, այլև երկու ժողովուրդների միջև խորը մարդասիրական կապերով։

«Մեր կողմից միշտ միայն օգնություն և աջակցություն է եղել, որոնք, իմ կարծիքով, կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ նրա հետ, ինչը ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների և մշակույթների միջև անկեղծ սեր, փոխըմբռնում՝ սրանք են այն իրական կապերը», – ասել է նա։

Շարունակելով թեման՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանին և Հայաստանին միավորում է ընդհանուր մշակութային տարածքը։ Նա նաև հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը՝ հայտարարելով, որ նա բազմիցս ջանքեր է գործադրել արյունալի հակամարտությունները դադարեցնելու, դժվարին ժամանակներում Հայաստանին օգնություն ցուցաբերելու և նրա զարգացմանն աջակցելու համար։

Զախարովայի խոսքով՝ խոսքը ոչ միայն անվտանգության հարցերի, այլև տնտեսության, էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության մասին է։

«Սա մեր մոտեցումն է, և մենք հավատարիմ ենք դրան», – եզրափակել է նա։