Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական

25 Ապրիլի 2024, 14:16

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական:

Նրա խոսքով, Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համարում էր չկարգավորված, սակայն Հայաստանը Պրահայում ճանաչել է այն որպես Ադրբեջանի տարածք:

«Այդ թեզերը պարբերաբար հնչում են, ավելի լավ է ասել՝ նետվում են Հայաստանի տեղեկատվական տարածք։ Բացարձակապես անամոթաբար շրջվում են ռուսական ղեկավարության խոսքերն ու գործողությունները։ Եվս մեկ անգամ բերեմ փաստեր, թե ինչպես են զարգացել իրադարձությունները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցության արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ բարձր մակարդակի հայտարարություն: Ընդ որում, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ հետաձգվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցի լուծումը ապագա սերնդում: Մենք դա բազմիցս այն ժամանակ մանրամասն մեկնաբանել ենք։ Ես մեջբերեմ նաև Ռուսաստանի նախագահի մի քանի մեջբերում։

Նա դրանք ասել է 2020 թվականի նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես ասել Է ՌԴ նախագահը 2020 թվականին, Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք ինքն ու ամբողջ միջազգային հանրությունը համարել են ադրբեջանական տարածք։ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, ասել Է Վլադիմիր Պուտինը 2020 թվականին: մենք պահպանում ենք ստատուս քվոն, այսօրվա դրությամբ առկա վիճակը:

Փաստերն այն են, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովի արդյունքներով հենց հայկական ղեկավարությունն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական տարածք։ Դա հաստատվել է նաև Հայաստանի պաշտոնական հայտարարությունների համապատասխան մեջբերումներով», — եզրափակել Է Զախարովան։