Արցախցի երեխաներին պետք չէ խղճալ, ինչ-որ ճամբարներով փորձել երեսպաշտ քայլեր անել․ Լուսինե Ղարախանյան

20 Սեպտեմբերի 2024, 14:28

Քաղաքականություն

Հունգարիան փորձում է հումանիտար ժեստեր ցուցաբերել արցախցի երեխաների նկատմամբ, բայց իզուր, քանի որ բոլորս գիտենք, որ այդ ամենը երեսպաշտություն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։

«Շրջափակման 10 ամիսներին արցախցի երեխաները հերոսաբար հաղթահարեցին բոլոր դժվարությունները՝ թերսնումից մինչև գրենական պիտույքների բացակայություն։ Բայց հիմա խաղում են այդ երեխաների հույզերի վրա, ինչը շատ վտանգավոր երևույթ է։ Բոլոր այն կառույցները, որոնք ուշի-ուշով հետևել են և տեսել՝ ինչպես է Արցախը հյուծվում, այսօր փորձում են այնտեղ հյուծված երեխաների զգացմունքների հետ խաղալ։ Այդ բոլոր երեխաները խնդիր ունեն, նրանք անընդհատ ասում են՝ ուզում եմ հետ տուն գնալ, իմ խաղալիքներն եմ ուզում, իմ դպրոցը։

Արցախի կրթական ոլորտի ներկայացուցիչներն ամեն մեկն իր տարածքում պետք է տեղեկատվական լավ խողովակաշար բացեր և մարդկանց զգուշացներ, որ պետք չէ գնալ այնպիսի երկրներ, որոնք պրոթուրքական են, եկել ու օկուպացված Շուշիում մասնակցել են համաժողովների, կամ որտեղ մեր փառահեղ սպան՝ Գուրգեն Մարգարյանն է կացնահարվել»,- նշել է Ղարախանյանը։

Նախկին նախարարն ընդգծում է՝ պետք է համապատասխան տարիքում երեխաների մոտ ձևավորվել արժեքային կողմնորոշումներ, պետք է պատմել, որ հայ սպայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել։

«Ազգային արժանապատվությունը ձևավորվում է շատ փոքր տարիքից։ Կա մի տարիք, օրինակ 12-ից, երբ սկսում են ձևավորվել արժեքային կողմնորոշումները, ծնողները երեխաներին պետք է պատմեն, որ մեր սպայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել։ Արցախցի երեխաներին պետք չէ խղճալ, պետք չէ ինչ-որ ճամբարներով փորձել կոմպենսացնող, կեղծ, երեսպաշտ քայլեր անել։ Այդ երեխաները սրբակենցաղ են, և նրանք շատ դժվարություններ են հաղթահարել, որոնցից կոփվել են ու սովորել են զսպվածություն։ Պարտադիր չէ՝ նրանք գնան այլ երկիր ճամբար, նրանք կարող են չգնալ որևէ տեղ ու միաժամանակ որևէ պահանջ չներկայացնել։ Հունգարիան փորձում է հումանիտար ժեստեր ցուցաբերել արցախցի երեխաների նկատմամբ, բայց իզուր, քանի որ բոլորս գիտենք, որ այդ ամենը երեսպաշտություն է։ Ես այլ որակում չեմ կարող տալ»,- եզրափակել է Ղարախանյանը։