Կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյան. «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»
07 Հոկտեմբերի 2024, 22:00
Հայերը Հռոմի հետ կապված առնչություններ ունեցել են ինչպես մինչև քրիստոնեության ընդունումը, այնպես էլ քրիստոնեության ընդունումից հետո, հատկապես այն ժամանակ, երբ Հռոմը դառնալու էր կաթոլիկ աշխարհի կենտրոն: Բայց հայերից ընդամենը մեկին էր վիճակված հասնել այն կարգավիճակին, որ կարողանալու էր դիտարկվել որպես Հռոմի պապի՝ կաթոլիկ աշխարհի առաջնորդի ամենահավանական թեկնածուներից մեկը: Այդ անձը Ջավախք աշխարհի զավակներից մեկն է՝ կարդինալ Գրիգոր Աղաջանյանը:
Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ բռնությունների ծիրում հայության մի որոշ շերտ սկսել է հակվել դեպի կաթոլիկություն, տրվել է կաթոլիկ միսիոներների քարոզներին և ընդունելով կաթոլիկություն՝ հույս ունեցել պաշտպանություն գտնել եվրոպական տերությունների, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից Օսմանյան բռնատիրության պայմաններում: Բայց ոչ միշտ է կաթոլիկությունը նրանց փրկել Օսմանյան պետության բռնարարքներից, քանի որ այդ պետությունը հայության, ընդհանրապես՝ էթնիկ հայերի նկատմամբ ունեցել է մշտապես ծայրահեղ բացասական վերաբերմունք: Բայց, ինչևիցե, դարերի ընթացքում ձևավորվել է կաթոլիկ հայերի մեծ շերտ, նրանք ունեցել են ու ունեն իրենց հոգևոր առաջնորդությունը, որ կոչվում է Հայ կաթոլիկ եկեղեցի:
1895թ. Ախալցխայում Կարինից տեղափոխված կաթոլիկ մի ընտանիքում ծնվում է Ղազարոս Աղաջանյան անունով մի երեխա, որին վիճակված էր 20-րդ դարի կեսերին դառնալու Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամենահայտնի կերպարներից մեկը՝ մաս կազմելու համաշխարհային, քաղաքական ու հոգևոր տարբեր իրադարձությունների և լինելու այդ իրադարձությունների կիզակետում, իսկ երկու անգամ նաև դիտարկվելու որպես Հռոմի Պապի հավանական թեկնածուներից մեկը:
Ղազարոս Աղաջանյանը, լինելով ընդունակ երեխա, անմիջապես կրթական ասպարեզում դրսևորում է իր ընդունակություններն ու փոքր հասակում նրան ողարկում են Հռոմ՝ կաթոլիկ կրթական հաստատություններում ուսումը շարունակելու:
11 տարեկանում հայտնվելով Հռոմում՝ մինչև իր կյանքի վերջ լինելու էր Հռոմի տարատեսակ կարևոր իրադարձությունների ամենակենտրոնում գտնվող անձերից մեկը: Ավարտելով այնտեղ դպրոցը՝ ուսումը շարունակում է համալսարանում ու խորանում աստվածաբանության ու փիլիսոփայության ասպարեզում: Որոշ ժամանակ հետո Ղազարոս Աղաջանյան անունով հայը որոշում է հոգևոր ծառայության մեջ մտնել կաթոլիկ եկեղեցում ու դառնում է քահանա՝ ընդունելով Ֆրանցիսկոս անունը:
Ֆրանցիսկոս հոգևորականը նույնպես շատ արագ կարողանում է դրսևորել իր ընդունակություններն ու արագ դառնում է երիտասարդ հոգևորականների վառ կերպարներից մեկը: 1935թ. ձեռնադրվում է որպես եպիսկոպոս: 1937 թվականին՝ 42 տարեկանում նրան վիճակված էր ընտրվել Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, այսինքն՝ կաթողիկոս-պատրիարք՝ ընդունելով Գրիգոր-Պետրոս անվանումը:
Այսօր էլ շատ կարևոր է կարդինալ Գրիգոր Աղաջանյանի կերպարը դարձնել ուսանելի, որովհետև ունենալով լծակներ՝ նա փրկել է հայոց Քեսաբը, 35 հազար հայերի, Սփյուռքի մի փոքր Հայաստան՝ Քեսաբ անունով, դրանում պարփակված հայ եկեղեցին, հայ մշակույթը թուրքական վտանգից, հայաթափման վտանգից:
Գրիգոր կարդինալ Աղաջանյանը 20-րդ դարի Հայոց պատմության ամենահետաքրքիր կերպարներից մեկն է, ով երբեք չի մոռացել իր հայկական ինքնությունը ու իր պատկանելիությունը հայ ժողովրդին:
Alpha News-ի աշնանային եթերաշրջանում կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի՝ որպես կաթոլիկ աշխարհի ամենաակնառու դեմքերից մեկի կերպարն ու նրա ժամանակաշրջանի դասերը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում: