Թրամփը մեղադրեց Քամալա Հարիսին իր անգործության համար` 120 000 արցախահայերի բռնի տեղահանման ժամանակ

24 Հոկտեմբերի 2024, 08:55

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է Բայդեն-Հարիսի վարչակազմին Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումների համար։

Թրամփը քննադատել է Քամալա Հարրիսին իր անգործության համար, քանի որ 120,000 հայ քրիստոնյա հալածվել և տեղահանվել է։

Նրա հայտարարությունը հրապարակվել է Truth Social-ում։

Իր հայտարարության մեջ Թրամփն ընդգծել է հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու իր հանձնառությունը և խոստացել նախագահ ընտրվելու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Թրամփի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաները սարսափելի հալածանքի ենթարկվեցին և բռնի տեղահանվեցին Արցախում: Աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ:

Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Նշենք, որ այս հայտարարությունը տեղի է ունենում Հարիս-Վալսի թեկնածությունը հայանպաստ հայտարարություն տարածելուց մեկ ամիս անց, որտեղ շեշտվում է հայերի` հայրենի Արցախ վերադառնալու իրավունքը: Չնայած երկու թեկնածուների հայամետ հայտարարություններին, Ադրբեջանի նախաձեռնած 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ Թրամփի վարչակազմի օրոք, իսկ դրան հաջորդած շրջափակումը, որն ավարտվեց Արցախի հայերի էթնիկ զտումով և բռնի տեղահանմամբ, տեղի ունեցավ Բայդեն-Հարիսի վարչակազմի օրոք։