Հենրիխ Մխիթարյանն ինքնակենսագրական գիրք է գրում
24 Նոյեմբերի 2024, 14:10
Միլանի «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Armsport-ի փոխանցմամբ, լայնածավալ հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։
Մխիթարյանը խոսել է ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։
-Ճի՞շտ է, որ գիրք եք գրում։
-Այո, բայց դեռ նոր եմ սկսել։ Շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին։
-Կարդո՞ւմ եք։
Այո՛։ Հիմա սկսել եմ Զիդանի կենսագրությունը, իսկ վերջերս ավարտեցի մի գիրք, որում խոսվում էր կյանքի 5 կարևոր նպատակների մասին։
-Ճի՞շտ է, որ Մանչեսթերում խաղից 3 օր առաջ անջատում էիք հեռախոսը։
Ոչ, դա Ուկրաինայում էր։ Բայց իրականում ես այն անջատում էի խաղերից հետո, քանի որ վերլուծում էի խաղս ու շատ ինքնաքննադատական էի։
-Հիմա է՞լ է այդպես։
Ոչ, բայց հեռախոսն օգտագործում եմ հնարավորինս քիչ: Երկու փոքր երեխա ունեմ և չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում սմարթֆոնը ձեռքիս։
-Կլոպն է՞ր Դորտմունդում աշխատում ձեր չափազանց ինքնաքննադատության վրա:
Այո, նա մեծ մարզիչ է, բայց առաջին հերթին մեծ հոգեբան․ նա ինձ ասաց, որ չվերցնեմ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա, արագ մոռանամ սխալները և պարտությունները՝ միշտ մտածելով հաջորդ խաղի մասին։