Նեթանյահուն իր ոճրագործությունները ցանկացել է շարունակել նաև հայկական շրջաններում. Սաքո Արյան

28 Նոյեմբերի 2024, 21:30

Քաղաքականություն

Իսրայելի հետ կնքված հրադադարը նոր հույս է լիբանանցիների համար, քանի որ կկարողանան կարգավորել ներքին խնդիրները: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է լրագրող Սաքո Արյանը:

«Լիբանանի և Իսրայելի միջև կնքված հրադադարին լիբանանցիներն արձագանքել են մեծ ուրախությամբ, քանի որ ավելի քան երկու ամիս տևած պատերազմի արդյունքում Լիբանանն արյունաքամ վիճակում էր, երկրի հարավային շրջանները գրեթե ոչնչացված են, իսկ Բեյրութի հարավային արվարձանը՝ հիմնահատակ ավերված: Բայց պետք է նշել, որ ռազմական բախումների վտանգներ դեռ կան, քանի որ իսրայելյան ուժերը դեռևս գտնվում են Լիբանանի տարածքներում: Հրադադարը նոր հույս է լիբանանցիների համար, որ կարողանան կարգավորել ներքին խնդիրները, ի վերջո նախագահ ընտրեն, և անցնեն քաղաքական պրոցեսների:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի վերաբերմունքին, վստահ եմ, որ Թրամփը երբևէ չի ցանկանա Սպիտակ տուն մտնել արյան թղթապանակով, իսկ դրա համար մեկ ապացույցն այս հրադադարն է, քանի որ աշխարհում չկար մի ուժ, որ կկարողանար կանգնեցնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Նա իր կատարած ոճրագործությունները Գազայից բացի ցանկանում էր շարունակել ոչ միայն «Հեզբոլլահ»-ի շրջաններում, այլև քրիստոնյաներով բնակեցված շրջաններում, այդ թվում՝ հայկական»,- նշել է Արյանը:

Խոսելով Սիրիայում նախօրեին տեղի ունեցած խժդժությունների մասին՝ նա ասել է.

«Սիրիայի հարցը լուծված չէ: Եվ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքականությունը, ՌԴ-ի հետ համագործակցությունը, այս բոլորը Արևմուտքի դիտարկման տակ է, քանի որ Արևմուտքի համար գետնի վրա խաղացող գլխավոր ուժը Մերձավոր Արևելքում Իսրայելն է: Նախօրեին Սիրիայում հրոսակների արած վայրենությունները վերջին 2-3 տարվա մեջ նորություն են, և պետք է նշել, որ հայկական Հալեպից այդքան էլ հեռու չէ: Եվ այստեղ հարց է ծագում՝ այս ամենը կատարվում է, որ Բաշար ալ-Ասադը փակի՞ «Հեզբոլլահ»-ի վերազինման ճանապարհները: Սա կարևոր հարցադրում է, քանի որ բոլորս գիտենք՝ «Հեզբոլլահ»-ի զինամթերքը, որը Իրանից ցամաքային ճանապարհով գալիս է Իրաք, Սիրիա և Լիբանան, այսօր հարվածի տակ է»: