Ինչքան շատ հակազդեցություն լինի «Հայաքվե»-ի շուրջ, այնքան ժողովուրդը միասնական դիրքորոշում կհայտնի. Կոստանյան

25 Հունիսի 2023, 15:22

Քաղաքականություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում բավարարել էր ստորագրահավաք կազմակերպելու «Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնող խմբի դիմումը։

Խումբը հանդես էր եկել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է քրեորեն պատժել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողություններ անելու համար։

Ըստ օրենքի` ստորագրահավաքի համար 60–օրյա ժամկետ է նախատեսված. հունիսի 21-ից մինչեւ օգոստոսի 19-ը «Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնող խումբը պետք է 50 000 ստորագրություն հավաքի, որպեսզի խորհրդարանում նախագիծը քննարկվի եւ քվեարկության դրվի։

Alpha News-ի եթերում «Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Աննա Կոստանյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնության նպատակներն ու ստորագրահավաքը իրականացնելու ընթացքը։

«ԿԸՀ-ն բավարարել է ստորագրահավաք կազմակերպելու մեր դիմումը, այժմ սպասում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հաստատմանը, քանի որ ի տարբերություն այլ ստորագրահավաքների, այս մեկն օրենքի ուժ ունի, ինչը նշանակում է, որ սա կոնկրետ իրավական գործիք է, որով քաղաքացիները կարող են իրենց դիրքորոշումը հայտնել Արցախի վերաբերյալ։ Որոշ ՏԻՄ-երից, օրինակ՝ Դիլիջանի քաղաքապետարանից, փորձ է արվում խոչընդոտել քաղաքացիների սահմանադրական իրավունքը իրացնելու գործընթացը, նրանք մերժել են տարածքներ տրամադրելու մեր դիմումը։ Կարծում եմ՝ խոչընդոտները հաղթահարելի են, այստեղ կարեւոր նյուանս է այն, որ ինչքան շատ հակազդեցություն լինի, այնքան ժողովրդի դիմադրությունը կամրապնդվի եւ միասնական դիրքորոշում կհայտնի»,- ասել է Աննա Կոստանյանը։

ՏԻՄ-երի կողմից տարածքներ տրամադրելուց հետո քաղաքացիները կարող են անձնագրերով մոտենալ այդ տարածքներ եւ իրենց ստորագրությունը թողնել։ Ընդ որում՝ կապ չունի գրանցման հասցեն։

Իսկ մինչեւ տարածքների տրամադրումը, ըստ Կոստանյանի՝ քաղաքացիները կարող են ID քարտով էլեկտրոնային ստորագրություն տալ։

Ցանկացողները կարող են մուտք գործել այս հասցեով՝ https://initiative.elections.am/ եւ իրենց ստորագրությունը թողնել այդ հարթակում։

Հիմա եթերում