«Սուրբ Էջմիածինը՝ մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացություն տեղի կունենա

30 Հունիսի 2023, 16:22

Մշակույթ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ՝ հուլիսի 5-10-ը Հայաստանում տեղի կունենա «Սուրբ Էջմիածինը՝ մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունը։

Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ։

Ուխտավորները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Այցեր կլինեն նաև Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Խոր Վիրապ վանքեր և Զվարթնոցի տաճար։ Մայր աթոռից հայտնում են, որ ուխտագնացության վերջին օրը ուխտավորները Կոտայքի թեմում կմասնակցեն պատարագի։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթացն այս անգամ կրում է «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» անվանումը: