Արտակարգ դեպք Երևանում․ Երվանդ Օտյան փողոցում տուն է փլուզվել, կան տուժածներ
28 Հոկտեմբերի 2026, 20:45
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է գրանցվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 1 քաղաքացու փրկարարները (ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները) հարևանների և մյուս քաղաքացիների աջակցությամբ դուրս են բերել փլատակների տակից։
Տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել մայրաքաղաքի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Այս պահին փրկարարները շարունակում են աշխատանքները՝ փլատակների տակից մյուս տուժածին՝ տարեց կնոջը դուրս բերելու ուղղությամբ։