Ես էլ կարող եմ ասել՝ դուք եք ձեր գլուխը պատին տվել․ Խամոյանը Փաշինյանին
28 Հոկտեմբերի 2026, 19:42
«Վերջին հինգ տարվա ընթացքում երևի հինգ դեպք էլ չի եղել, որ Կառավարության այլ անդամի հարց տամ․ հիմնական հարցերս ուղղված են եղել Նիկոլ Փաշինյանին»,- այս մասին Ազգային ժողովում Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունն այսօր հարցեր չի ուղղում վարչապետին։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ տարիների ընթացքում իրենք ականատես են եղել նրան, որ բովանդակային պատասխաններ տալու փոխարեն վարչապետն օգտագործել է էթիկայի սահմաններից դուրս բառապաշար ու վարքագիծ։
«Այսօր, օրինակ, պատգամավորը TRIPP-ի մասին պարզ հարցեր է տալիս, իսկ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ «էլ տգետ», «էլ գլուխներդ պատին եք տվել»։ Հիմա սա ո՞նց եք որակում։ Ի՞նչ է նշանակում, որ իմ գործընկերների տված հարցերին ի պատասխան ասում է՝ «գլուխները պատով են տվել»։ Հիմա, ե՛ս էլ՝ որպես ընդդիմադիր պատգամավոր,կարող եմ ասել՝ Դու՛ք եք ձեր գլուխը պատին տվել, որ Ալիևի պահանջներն եք կատարում»,- նշել է Խամոյանը։