Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ
02 Հունիսի 2025, 13:34
Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ Միշա Ջորկաեֆը, նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Նշվում է, որ նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հունիսի 1-4-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա, որտեղ ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի (Մ19) և Մոլդովայի (Մ19 և 20) հավաքականների հետ։ Հստակեցվում է, որ թիմի նախկին մարզիչ Վահագն Մինասյանը տեղափոխվել է հիմնական ազգային հավաքականի կազմ։
Յուրի Ջորկաեֆը, ով մայրական կողմից հայ է, մշտապես ընդգծել է իր կապը հայկական պատմության և մշակույթի հետ։ Մասնավորապես, նա հայկական եկեղեցում ամուսնացել է իսպանուհու հետ: Ջորկաեֆը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի չեմպիոն է, 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն և 2001 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող։ Ակումբային մակարդակով նա հաղթել է 1996 թվականի Գավաթակիրների գավաթը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի, իսկ 1998 թվականին՝ ՈւԵՖԱ-ի գավաթը՝ իտալական «Ինտեր»-ի կազմում։ Ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզ» թիմում։ 2020 թվականին նրա մյուս եղբայրը՝ Դենիսը, նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական։