Ազգային նվագարանների ու ժողովրդական երգի հանրապետական մրցույթ-ստուգատես՝ Ստեփանակերտում

08 Հուլիսի 2023, 12:41

Մշակույթ

Արցախի մայրաքաղաքի Շառլ-Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթ-ստուգատեսը։ Մրցույթն ամենամյա է և նպատակ ունի հայկական ժողովրդական երգարվեստի ու երաժշտարվեստի բնագավառում բացահայտել շնորհաշատ պատանի երգիչներին և երաժիշտ-կատարողներին, նպաստել նրանց կատարողական ունակությունների կատարելագործմանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը:

«Արցախպրեսի» հետ զրույցում հանձնախմբի նախագահ Լևոն Սարդարյանը կարևորել է հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում նման ծրագրերի իրականացումը: Նրա խոսքով՝ այս տարի մրցույթը փոքր-ինչ առանձնանում է իր բովանդակությամբ:

«Մրցույթ-ստուգատես» անվանումը պատահական չի ընտրվել: Դրա միջոցով հնարավորություն կստեղծվի ստուգել տարվա կտրվածքով ԱՀ երաժշտական և արվեստի դպրոցների կատարած աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև դպրոցներում ազգային նվագարանների և ժողովրդական երգի դասավանդման դրվածքը:

Մրցույթի ավարտին մրցանակային տեղեր կսահմանվեն երաժշտական ու արվեստի դպրոցների համար: Ըստ մրցույթ-ստուգատեսի մասնակիցների հավաքած միավորների հանրագումարի՝ մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցներին կտրամադրվեն երաժշտական գործիքներ: