ՀՀ իշխանությունները մարտահրավեր են նետում բոլորին, ում վտանգավոր են համարում. Անդրեյ Արեշև
18 Հունիսի 2025, 21:05
Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը «Ռուս-իրանական համագործակցությունը փոփոխվող աշխարհում» III միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը:
«Կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները հետևողականորեն մարտահրավեր են նետում բոլոր նրանց, ում այս կամ այն կերպ համարում են սպառնալիք իրենց մենաշնորհին, այսպես ասած՝ իշխանությանը Հայաստանում, ինչպես նաև ցանկացած քաղաքական գործչի, ձեռներեցի, եկեղեցական գործչի, ում նրանք համարում են իրենց համար վտանգավոր: Նրանք, ժողովրդականության վարկանիշի տատանման, թշնամիների և հակառակորդների որոնման պայմաններում, պատրաստ են պիտակավորել և ձեռնարկել լայնածավալ հետապնդումներ «ոչ պիտանի» լայն շրջանակների դեմ՝ սկսած լրատվամիջոցներում տարատեսական զրպարտություններից»,- ասել է փորձագետը:
Ըստ Արեշևի՝ Սամվել Կարապետյանին վարկաբեկելու փորձը վաղուց է շարունակվում, և դա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական պատճառներ ունի:
«Գիտենք, որ Սամվել Կարապետյանի դեմ վաղուց տեղեկատվական արշավ է տարվում։ Եվ դա պատահական չէր։ Գիտենք, և բոլորս էլ լսել ու տեսել ենք, թե ինչպես են նրա վրա հարձակում գործել փաշինյանամետ բլոգերները, որոնց անունները վաղուց հայտնի են բոլորին: Ակնհայտ է, որ քրեական և քաղաքական հարձակման տեղեկատվական նախապատրաստություն էր ընթանում: Կարծում եմ՝ հարցը միայն եկեղեցու դեմ հայտարարությունը չէր, այլ նրա ամբողջ գործունեությունը, այդ թվում՝ կապված Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ: Կարծում եմ, որ իշխանություններն այդպիսով փորձում են ամրապնդել իրենց տնտեսական դիրքերն՝ անցանկալի անձանց հետապնդման հաշվին»,- ամփոփել է Արեշևը։