Վիրահայերը չեն բացառում, որ հայ ազգին հայհոյած Լաշա Արսենիձեին ուղղորդել են

10 Հուլիսի 2023, 18:10

Քաղաքականություն

Վիրահայ համայնքը դժգոհ է Վրաստանի քաղաքացի, ոմն Լաշա Արսենիձեի նկատմամբ սահմանված պատժից, որը հայհոյել էր հայ ազգին:Ստորագրահավաքի միջոցով վիրահայերը փորձում հասնել նրա հրապարակային ներողությանը: «Պատժաչափի հետ մենք համաձայն չէինք, Վրաստանի հայությանը նյարդայնացրեց դա»,- AlphaNews-ի հետ զրույցում ասել է Վրաստանի «Հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը՝ անդրադառնալով Լաշա Արսենիձեի գործին, որը մայիս ամսին TikTok սոցիալական ցանցում հայհոյել է ամբողջ հայ ազգին:

Միրզոյանն ընդգծում է՝ Արսենիձեն հայհոյել է ոչ միայն Վրաստանում ապրող հայերին, այլև հայ ազգին, առհասարակ: Տեսանյութը լայնորեն տարածվել էր Վրաստանի լրատվական կայքերում: Վիրահայ համայնքը շատ արագ արձագանքել էր կատարվածին, գործին միջամտել էր նաև ոստիկանությունը:

Հիշեցնենք՝ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնության ( խմբ.՝ հայերի ) վերաբերյալ սոցցանցում արված վիրավորական և հայհոյախառն բովանդակությամբ հայտարարությունների առնչությամբ Արսենիձեն կանչվել էր Վրաստանի ՆԳՆ: Դատարանը նրա նկատմամբ խուլիգանության հոդվածով 12-օրյա կալանք էր կիրառել:

Վիրահայ համայնքը դիմում-նամակ է ուղարկում դատախազությանը՝ պահանջելով փոխել կայացրած վճիռը, բայց ստացվել է պատասխան, որ Լաշա Արսենիձեի կողմից հայ ազգի հասցեին հնչեցրած սպառնալիքը Վրաստանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում: Ըստ Արթուր Միրզոյանի՝ Արսենիձեի արարքը կարող էր ուղղորդված լինել թշնամական երկրների կողմից (խմբ. նկատի ունի Թուրքիան և Ադրբեջանը): Միրզոյանը բացատրում է ՝ Արսենիձեի արարքը չէր կարող ձեռնտու լինել վրաց իշխանություններին: Նկատենք, որ վերջին մարդահամարի տվյալներով, Վրաստանում ապրում է մոտ 168,000 հայ:

«Հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը կատարվածի հետևում թշնամու ձեռագիրը տեսնում է նաև մեկ այլ պատճառով: Տեսանյութից հետո սոցիալական ցանցերով ոմանք սկսել են անգամ տարածել Արսենիձեի բնակության հասցեն և այլ անձնական տվյալներ՝ այդպիսով փորձելով հրահրել բախումներ հայերի և վրացիների միջև:

«Մենք կոչով դիմել ենք հայությանը, որ սադրանքի չտրվեն և ավելի զգոն լինեն»,- նշել է մեր զրուցակիցը: Միրզոյանը մանրամասնել է՝ երբ դատախազությունը մերժել է իրենց դիմումը, սկսել են նախաձեռնել ստորագրահավաք. «Վրաստանի տարածքով սկսվել է ստորագրահավաք, որին մասնակցում են և՛ հայերը, և՛ շատ վրացիներ»:

Ստորագրահավաքին մասնակցող վրացիների թիվը քիչ չէ: Ստորագրությունները ուղարկելու են դատարան՝ փորձելով ստիպել, որ Արսենիձեն հրապարակային նույն սոցիալական ցանցով հրապարակային ներողություն խնդրի ամբողջ հայ ազգից: Արթուր Միրզոյանը նաեւ նշում է, որ հայ համայնքից շատերին է վախեցրել այն հանգամանքը, որ ստորագրահավաքի ժամանակ մասնակիցներից վերցնում են որոշ անձնական տվյալներ՝ հեռախոսահամար, հասցե և այլն, բայց այնուամենայնիվ, ստորագրահավաքին արձանագրվել է բարձր մասնակցություն:

«Արսենիձեն պետք է պատժվի, այդ ժամանակ համայնքը կհասկանա, որ միասնության մեջ է ուժը»,- եզրափակում է Վրաստանի «Հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը: Հավելենք, որ լրագրողների հետ զրույցում Արսենիձեն նշել էր, որ իրեն մեղավոր չի համարում:

Նա հայտարարել է, որ պայքարում է Վրաստանի համար եւ տեսանյութը տեղադրել է այն ազգերի համար, որոնք ըստ նրա, ապրում են Վրաստանում և «սրում են ներքաղաքական իրավիճակը»: Սույն անձը վրացական «Տրիբունա» կուսակցության համակիր է, մասնակցել է կուսակցության հանրահավաքներին: