Այն, ինչ կատարվում է Հայաստանում, խոսում է Փաշինյանի՝ իշխանությունը պահելու ցանկության մասին. Մարատ Բաշիրով

25 Հունիսի 2025, 21:35

Բոլոր

Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի բիզնեսի և կառավարության փոխգործակցության տեսության և պրակտիկայի ամբիոնի պրոֆեսոր, «Politjoystic» ալիքի հեղինակ Մարատ Բաշիրովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ընդդիմության և հոգևորականության ներկայացուցիչների քաղաքական հետապնդումներին։

Պրոֆեսորի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, հիշեցնում է Ուկրաինայում 2014 թվականից հետո տեղի ունեցածը։

«Սկզբունքային հարցն այն է, թե որքանով են քաղաքացիական իշխանությունները, նկատի ունեմ վարչական կառույցը, միջամտում ուժայինների գործունեությանը: Ուժայինները նման պարտականություն ունեն բացահայտելու հանցագործությունները: Բայց այստեղ կարևոր պահ կա. նախ, քաղաքացիական իշխանությունը չպետք է միջամտի այս գործընթացին, երկրորդ՝ չի կարելի պարզապես հայտարարել, թե նրանք ինչ-որ բան են նախապատրաստում, դա որոշակի ապացույցներ է պահանջում։ Եվ որ ամենակարևորն է, այս ամենն, իհարկե, պետք է որոշվի դատարանում, այսինքն՝ պետք է քննիչը գա և ասի, որ նման մեղադրանքներ կան, նրա դեմ պետք է նստի անկախ փաստաբանը, և դատավորը պետք է որոշում կայացնի։ Եթե այդ գործընթացը չապահովվի, ապա դժվար կլինի ասել, որ երկրում գործում է համակարգ, որը պաշտպանում է քաղաքացուն»,-ասել է Բաշիրովը։

Փորձագետի կարծիքով՝ երկրում քաղաքական գործունեությունը պետք է թույլատրվի։

«Տվյալ դեպքում ես մեծ կասկածներ ունեմ, որ այդ մարդիկ ներգրավված են եղել ինչ-որ հեղաշրջման նախապատրաստմանը։ Պետք է թույլ տալ քաղաքական գործունեություն, այսինքն՝ թույլատրվի քննադատել իշխանությանը։ Եթե դա օրենքի սահմաններում է, ապա, կներեք, պարզապես պետք է հանդուրժել կամ ընդդիմանալ և ասել՝ մենք կարծում ենք, որ մենք ճիշտ ենք անում։ Պետք է մնալ օրենքի և քաղաքական պայքարի շրջանակներում»,- նշել է Բաշիրովը։

Փորձագետի կարծիքով՝ քաղաքացիական իշխանություններն իրավունք չունեն քննադատելու այն, ինչ անում է եկեղեցին։

«Կարծում եմ՝ Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, եկեղեցին անջատված է պետությունից և պետք է անկախ լինի։ Քաղաքացիական իշխանություններն իրավունք չունեն քննադատելու եկեղեցուն։ Ես կարդացի պարոն Փաշինյանի խոսքերը և իմ տեսանկյունից սա Սահմանադրության խախտում է։ Ռուսաստանում սա կհամարվեր Սահմանադրության խախտում։ Եկեղեցին ունի մեխանիզմներ որոշելու՝ այդ անձը կարո՞ղ է ղեկավարել եկեղեցին, թե՝ ոչ։ Սա դատական գործընթաց չէ։ Եթե քաղաքացիական իշխանությունը միջամտում է, դա նշանակում է, որ ինչ-որ ճգնաժամ կա։ Իշխանությունները վախենում են ինչ-որ բանից: Նրանք այլևս չեն վախենում լրագրողներից, ընդդիմադիր քաղաքական գործիչներից, հիմա էլ հանկարծ սկսել են վախենալ հոգևորականներից»,-ասել է Բաշիրովը։

Պրոֆեսորի խոսքով՝ Փաշինյանի գործողությունները հանգեցնում են հայ-ռուսական հարաբերությունների փլուզման։

«Մեր հարաբերություններում աճում է անվստահությունը: Հայաստանը չունի ելք դեպի ծով և, իմ կարծիքով, չի կարող պարզապես նորմալ զարգանալ, եթե լավ հարաբերություններ չունենա Ռուսաստանի հետ, այսինքն՝ մշտապես միջնորդ է պետք, որը կօգնի Հայաստանին լուծել տնտեսական, տրանսպորտային, ֆինանսական որոշ հարցեր»,- եզրափակել է Բաշիրովը։

Հիմա եթերում