Կարմիր գծեր կան, որոնք ճիշտ չէ անցնելը. Նարեկ Կարապետյանը՝ իրավապահներին

27 Հունիսի 2025, 15:17

Քաղաքականություն

Ի աջակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Հայ առաքելական եկեղեցու, քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց նաև եկեղեցուն սատարելու համար կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:

«Եկեղեցին ու Մայր Աթոռը բոլորիս համար հոգևոր սնունդ ստանալու կենտրոն է: Այսօր եկեղեցու դեմ արշավին բոլոր մասնակցածներն ամուսնանում են Հայ առաքելական եկեղեցում, իրենց երեխաներին կնքում են այդ եկեղեցում: Ես հասկանում եմ, որ հրամաններ են կատարում, բայց որպես ազգ պետք է կարողանանք պայմանավորվել, որ կարմիր գծեր կան, որոնք ճիշտ չէ անցնելը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գալը ճիշտ չէ, սա քրեական տարածք չէ, որ գան և փորձեն ձերբակալել մարդկանց, պետք է հարգել մեծ մեծերին ու մեր ինստիտուտները, եթե մենք չհարգենք, ո՞վ է հարգելու: Բոլոր հայերս պետք է խաղաղ ձևով ցույց տանք, որ համաձայն չենք այս մոտեցմանը, սա սիրուն մոտեցում չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը:

Նա հավելեց, որ ցանկություն ունի հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ԱԱԾ-ն այսօր փորձում էր ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որին մեղադրում են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեջ: Սակայն, հավատավոր ժողովուրդը թույլ չտվեց դա և ԱԱԾ-ն ու ոստիկանական ուժերը դուրս եկան Մայր Աթոռից: