Ավանդական արժեքներն ու պատմական հիշողությունը՝ ազգային շահերի պաշտպանության հիմք
30 Հունիսի 2025, 17:00
Այսօր, երբ գլոբալիզացիան և տեղեկատվական հեղափոխությունը լուրջ մարտահրավերներ են ստեղծում ազգային ինքնության համար, առավել քան երբևէ կարևորվում է ավանդական արժեքների և պատմական հիշողության դերը։ Հունիսի 30-ին «Եվրասիա» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված փորձագիտական կլոր սեղանը՝ «Ավանդական արժեքների և պատմական հիշողության պահպանումը որպես ազգային շահերի պաշտպանության կարևորագույն գործոն» թեմայով, համախմբեց փորձագետների, քաղաքագետների և լրագրողների՝ այս խնդիրները համակողմանի վերլուծելու նպատակով։
Բանախոսը՝ «Լույս» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, ընդգծեց, որ պատմական հիշողությունը սոսկ անցյալի պատում չէ, այլ ազգային ինքնագիտակցության առանցք, որն ապահովում է հասարակության կայունությունը և դիմադրունակությունը։ Ավանդական արժեքները, որպես սերունդների շարունակականության հիմք, ունեն կարևորագույն ռազմավարական նշանակություն՝ ազգային շահերի պաշտպանության համատեքստում։
Միջոցառումը նաև հարթակ դարձավ՝ բարձրաձայնելու նորագույն մարտահրավերները, որոնց բախվում է հայ հասարակությունն ազգային ինքնության պահպանման գործընթացում։