Փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում. Ագնեսա Խամոյանը՝ Աննա Վարդապետյանին

04 Հուլիսի 2025, 12:31

Քաղաքականություն

«Շնորհավորում եմ, Դուք Հայաստանի 3-րդ Հանրապետության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում։ Շնորհավորում եմ Ձեզ, փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում»,- ԱԺ արտահերթ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով ներկայացրել է պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնադրությունը։

Խամոյանի խոսքով՝ այն, որ այս գործն անօրինական է, աներկբա է:

«Տիկին դատախազ, կարո՞ղ եք հիշեցնել՝ ե՞րբ է Արծվիկ Մինասյանը հարցաքննվել, կա՞ն արդյոք ենթադրյալ հանցանքի վերաբերյալ այլ ցուցմունքներ, ի՞նչ ցուցմունքների մասին է խոսքը»,- հարց է ուղղել պատգամավորը:

Ի պատասխան՝ դատախազը նշել է, որ Արծվիկ Մինասյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել։

«2016 թվականի հոկտեմբերի 6-ին Արծվիկ Մինասյանը ուղեկցական գրությամբ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին է ներկայացրել միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի հավանությանն արժանացած 1 միավոր անշարժ գույքի տվյալները և կից փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերում ևս ներառված են եղել հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

2016 թվականի հոկտեմբերի 27-ին տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ համայնքի սահմանում գտնվող նշված հողատարածքը մրցույթի ներկայացնելու մասին հարցը և որոշվել է հավանություն տալ բնության հատուկ պահպանվող տարածքների մրցույթային հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությանը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով ապահովել մրցույթի թափանցիկությունը։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որին, ըստ փաստաթղթերի, հայտեր և գործարար ծրագրեր են ներկայացրել Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձինք՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Սեյրան Օհանյանի վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին՝ Բենիամին Ղալեչյանը, և օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայրը՝ Էդգար Գրիգորյանը»,- ասել է Աննա Վարդապետյանը:
Նշենք, որ դատախազը ներկայացրել է նաև Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդություն։