Ադրբեջանը խոչընդոտում է Սպիտակ բանակի աշխատանքը. Հայաստանի ու Սփյուռքի բժիշկները դիմել են ԱՀԿ նախագահին

12 Հուլիսի 2023, 16:25

Քաղաքականություն

Սպիտակ բանակի ներկայացուցիչները համատեղ հաղորդագրություն են պատրաստել՝ ուղղված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին, որտեղ ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը և կոչ արել միջամտել հումանիտար աղետը կանխելու համար, քանի որ բժիշկներն իրենց մասնագիտական պարտքը կատարելիս մեծ խոչընդոտների են հանդիպում:

Հայաստանից և Սփյուռքից 2.500 բժիշկ կդիմի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու ՄԱԿ-ին կից այլ կառույցներին՝ Արցախում առողջապահական աղետի դեմն առնելու հարցով: Ադրբեջանը խոչընդոտում է Հիպոկրատի երդվյալների աշխատանքը:

«Միասին կարող ենք ավելին» կարգախոսի ներքո Երևանում կայացել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը, որի գլխավոր նպատակը Հայաստան-Արցախ-Սփյուռք բժշկական կապերի ամրապնդումն է: Ի սկզբանե միջոցառումն իր աշխատանքները պետք է սկսեր Արցախից, բայց ադրբեջանական շրջափակումն այն անհնարին է դարձրել: Արցախցի բժիշկները ստիպված են եղել մասնակցել առցանց եղանակով:

Alpha Newsroomուղիղ եթերում Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի համանախագահ Գևորգ Յաղջյանն ասել է, որ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող առաջատար բժիշկների ութհոգանոց մի խումբ հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ և մտահոգություն հայտնել Արցախի 120.000 հայրենակիցների ճակատագրի համար, խնդել, որ Վաշինգտոնը ապահովի նրանց անվտանգությունը:

Համագումարին մասնակցելու համար ավելի քան 600 առաջատար բժիշկ էր ժամանել Երևան, որոնցից 300-ը սփյուռքի հեղինակավոր բժիշկներն էին, որոնց թվում էր նաև Կոլումբիայի համալսարանի բժշկության և վիրաբուժության քոլեջի հեղինակավոր պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը:

Հայաստանի միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, խոսելով սփյուռքահայ բժիշկների հետ գործակցության ակնկալիքներից, ընդգծել է, որ ոչ միայն Հայաստանը սպասելիքներ ունի նրանցից, այլև Հայաստանն ասելիք ու տալիք ունի նրանց. «Հայաստանը շատ ավելի մեծ ներդրում պետք է անի՝ հայտնի բժիշկներին Հայաստան բերելու համար: Մենք հնարավորություն ենք տալիս, որ նրանք է՛լ ավելի կապվեն հայրենիքի հետ, միևնույն ժամանակ, դուրս գալով Սյուռք՝ մենք փորձում ենք այնտեղ ամրացնել հայկական համայնքները», — ասել է Արա Բաբլոյանը:

Անդրադառնալով Արցախի բժշկական խնդիրներին՝ նա տեղեկացրել է, որ Ստեփանակերտում այս պահին մանկական նյարդաբաններ չկան: Երևանից ժամանակ առ ժամանակ մեկը մյուսին փոխարինելով՝ բժիշկներ էին այնտեղ գնում, իսկ հիմա դա դժվար գործընթաց է դարձել բլոկադայի պատճառով:

Համագումարի երրորդ օրը նվիրված էր Արցախի առողջապահական համակարգում առաջացած խնդիրներին: Սպիտակ բանակի ներկայացուցիչները համատեղ հաղորդագրություն են պատրաստել՝ ուղղված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին, որտեղ ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը և կոչ արել միջամտել հումանիտար աղետը կանխելու համար, քանի որ բժիշկներն իրենց մասնագիտական պարտքը կատարելիս մեծ խոչընդոտների են հանդիպում:
Մանրամասները՝ տեսանյութում: