Մեկնարկել է Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը

15 Հուլիսի 2025, 14:35

Քաղաքականություն

Երևանում՝ Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ մեկնարկել է ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը: Բացման արարողությունից անմիջապես հետո մասնակիցները երթով կշարժվեն դեպի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձան, որտեղ տեղի կունենա ծաղկեդրման արարողություն։

«Հայ հեղափոխական դաշնակության Հայաստանի կազմակերպության անունից շնորհավորում եմ բոլորիս Դաշնակցության ուսանողական, երիտասարդական միությունների համահայկական բանակումը մայր հայրենիքում գումարելու առթիվ: Շատ կարևոր ու խորհրդանշական է, որ մեր ժողովրդի և պետության այս ծանր օրերին աշխարհի 17 երկրներից շուրջ 400 երիտասարդ իրենց հավաքն են կազմակերպում մայր հայրենիքում: Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր անցնող բոլոր տարիների ընթացքում ամեն ինչ արել են Հայաստան-Սփյուռք կապը խաթարելու համար՝ արգելելով նաև մեր սփյուռքահայ երիտասարդների մուտքը ՀՀ: Սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է դաշնակցական երիտասարդներին ապօրինի կալանավորելով կարող են զերծ պահել հայ ժողովրդի հավաքական իրավունքների համար պայքարելուց»,- բանակումի բացման ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա իր խոսքում ընդգծել է՝ ամեն հարվածից հետո Դաշնակցությունը ավելի է ուժեղանում, ամրանում և ազգային նպատակներին հասնելու համար ավելի հետևողական պայքար մղում: