ԵՄ-ն պետք է հարգի արցախահայության ինքնորոշման իրավունքը. Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Կաստալդո
13 Հուլիսի 2023, 21:20
Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն համոզված է, որ ԵՄ-ն պետք է հարգանք ցուցաբերի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Այս մասին եվրապատգամավորն ասել է Alpha News-ին տված հարցազրույցում:
«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ նվիրվածությունն ու աջակցությունը հայ ժողովրդին, հատկապես այս պահին՝ Արցախի ժողովրդին, որը տառապում է անօրինական դաժան շրջափակման հետեւանքով», — հայտարարել է Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:
Նրա խոսքով, Ադրբեջանի զորքերի կողմից իրականացվող շրջափակումը և Լաչինի միջանցքում տեղադրված անցակետը խոչընդոտում են տարածաշրջանում սննդամթերքի, դեղորայքի և գոյատևման համար անհրաժեշտ բոլոր ապրանքների մատակարարմանը, դա ակնհայտ փորձ է՝ ստիպելու հայերին հանձնվել:
«Ես համոզված եմ, որ այսկերպ Ադրբեջանը փորձում է վռնդել հայերին, որպեսզի նրանք ստիպված լինեն ընդմիշտ լքել հայրենիքը», — նշել է Կաստալդոն:
Նա նշել է, որ հիասթափված է Եվրամիության դիրքորոշումից։ «Ես կարծում էի, որ ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ մոբիլիզացնի այդ մարդկանց աջակցելու համար։ Հասկանում եմ, որ բանակցություններ են ընթանում, բայց այդ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ այն պայմաններում, երբ մի կողմը «շահագործում է» Ուկրաինա հանցավոր ներխուժման ողբերգությունը, որպեսզի իր կամքը պարտադրի Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև ողջ Հայաստանին, քանի որ, ինչպես մեզ հայտնի է, այժմ վտանգ կա, որ Ադրբեջանը, ինչպես դա եղավ անցյալ տարվա սեպտեմբերին, կրկին կփորձի հարձակվել, որպեսզի գրավի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Ես կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է միջնորդական դեր խաղա, որպեսզի փորձի գտնել հնարավոր հարմար լուծում ՝ հարգանք ցուցաբերելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի նկատմամբ։ Եկեք մնանք ճշմարտության կողքին և շարունակենք պաշտպանել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և իրենց նախնիների հայրենիքում ապրելու՝ նրանց իրավունքը», — շեշտել է պատգամավորը: