EXCLUSIVE. Ինչպես է հայկական խաչքարը հայտնվել Բրազիլիայում. Alpha News-ի բացառիկ հարցազրույցը
21 Հուլիսի 2025, 16:05
Բոլորին վստահաբար հետաքրքրում է՝ ինչպես է հայկական խաչքարը հայտնվել Բրազիլիայում: Alpha News-ը բացառիկ մանրամասներ է պարզել այդ ամբողջ պատմության մասին: Եվ այսպես, խաչքարը տեղադրվել է «Armenia Fedayiner Football Club»-ի հիմնադիր Սարգիս Կարամեկյանի ջանքերով և Հակոբ Գերեքմեզյանի հովանավորությամբ:
2016 թվականի փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ ճանաչելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Այդ գործում մեծ ազդեցություն է ունեցել Սարգիս Կարամեկյանը: Այժմ սերտ կապեր են փորձում հաստատել Գյումրիի հետ:
Մենք զրուցել ենք Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանու նախկին ղեկավար Ալեքս Կայշայի հետ, ով մեծ հիացմունքով ու ակնածանքով է խոսում հայերի ու Հայաստանի մասին:
«Խաչքարը տեղադրելիս դժվարություն չի եղել: Մենք օրենքով ենք արել ամեն ինչ, այն մտերմացրել է մեզ հայ ժողովրդի, Հայաստանի հետ: Թուրքերն այս անգամ մեզ չխանգարեցին, մենք օրենքով խաչքարը տեղադրեցինք, հանգիստ՝ առանց պրոբլեմների: Սարգիս Կարամեկյանն է մեզ պատմել հայերի մասին, մենք հետաքրքրվել ենք հայերի պատմությամբ ու որոշել քույր քաղաքներ դառնալ նաև Գյումրիի հետ: Կարծես մեկ բռունցք, մեկ ուժ, մեկ երկիր լինենք: Մեծ ուրախությամբ ուզում եմ Հայաստան գալ»,- ասել է Ալեքս Կայշան:
Ֆրանկու դա Ռոշա քաղաքի «Հավերժական Հայաստան» կոչվող հրապարակում է գտնվում Հայաստանից Բրազիլիա հասած խաչքարը: Փորագրված քարե խաչը համարվում է քրիստոնեության և հայկական ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը, այն ունի ավելի քան հազար տարվա պատմություն։ Խաչքարը նաև հարգանքի տուրք է Անդրանիկ և Տիգրանուհի Գերեքմեզյաններին, որոնք հայերի և Բրազիլիայի համար կարևոր նշանակություն են ունեցել։