Փոխանցումների վարպետն ու Թեհրանի սիրելին․ անվանի կիսապաշտպան Համլետ Մխիթարյանի ֆուտբոլային ուղին

24 Նոյեմբերի 2026, 22:00

Հայեր

Համլետ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի նորագույն պատմության ամենավառ ու տեխնիկապես օժտված կիսապաշտպաններից է, որի մարզական ուղին դարձել է ֆուտբոլին նվիրվածության վառ օրինակ։ Ֆուտբոլիստը ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 24-ին Երևանում։ Դեռևս պատանեկան տարիներից աչքի է ընկնել խաղադաշտը հիանալի զգալու, գնդակին վարպետորեն տիրապետելու և խորքից թիմի գրոհները կազմակերպելու բացառիկ ունակություններով։

Մխիթարյանի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1990-ականների սկզբին՝ Երևանի լեգենդար «Արարատ»-ի կազմում։ Թիմի հետ նա դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր՝ կարճ ժամանակում ձեռք բերելով ազգային առաջնության ամենախելացի ու ստեղծագործ կիսապաշտպաններից մեկի համբավը։ Հետագայում նա հանդես է եկել նաև Հայաստանի առաջատար այլ ակումբներում, այդ թվում՝ «Փյունիկ»-ում, «Ցեմենտ»-ում և «Բանանց»-ում՝ կարևոր դեր ունենալ թիմերի կիսապաշտպանության և գրոհների կազմակերպման գործում։

Նրա կարիերայի կարևոր փուլերից էր արտերկրում հանդես գալը, ինչը հնարավորություն է տվել դրսևորելու տաղանդը նաև հայրենիքի սահմաններից դուրս։ Մխիթարյանը ուժերը փորձել է Լիբանանի, Իսրայելի և Բելառուսի առաջնություններում՝ պաշտպանելով նաև Մինսկի «Տորպեդո»-ի և մայրաքաղաքային «МТЗ-РИПО»-ի գույները։ Սակայն նրա աստղային տարիները կապված էին Իրանի հետ։

2000-ականների կեսերին նա դարձել է տեղի ֆուտբոլասերների իսկական սիրելիներից մեկը և Իրանի Պրեմիեր լիգայի լավագույն լեգեոներներից մեկը։ Այդ տարիներին նա հանդես է եկել «ՊԱՍ Թեհրան», «Ռահ Ահան», «Դամաշ» և «Պարսեհ» ակումբներում։

Իրանցի երկրպագուներն ու ֆուտբոլային մասնագետները բարձր էին գնահատում հայ կիսապաշտպանի փոխանցումների վարպետությունը, կատարողական բարձր մակարդակն ու առաջնորդի որակները։ Նա այն ֆուտբոլիստներից էր, որոնք ոչ միայն իրենց խաղով էին աչքի ընկնում, այլև ունակ էին վճռորոշ պահերին իրենց հետևից տանելու ողջ թիմին։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Համլետ Մխիթարյանը հանդես է եկել երկար տարիներ։ Ազգային թիմում նրա նորամուտը կայացել է դեռևս 1994 թվականին։ Հավաքականի մարզաշապիկով նա անցկացրել է 56 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ՝ լինելով այն սերնդի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, որը հիմք է դրել անկախ Հայաստանի ֆուտբոլի ձևավորմանն ու զարգացմանը՝ մասնակցելով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերին։

2013 թվականին՝ գրեթե քառասուն տարեկանում, ավարտելով ֆուտբոլիստի կարիերան ՝ Մխիթարյանն իր հետագա գործունեությունը շարունակել է մարզչական ոլորտում։ Աշխատելով Հայաստանում՝ նա իր հարուստ փորձն ու գիտելիքներն է փոխանցել երիտասարդ ֆուտբոլիստներին։

Հիմա եթերում