Իշխող ուժը լեգիտիմություն չունի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար. «Ընդդիմադիր համախմբում»

24 Նոյեմբերի 2026, 22:12

Քաղաքականություն

«Ընդդիմադիր համախմբում» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել իշխանության հրապարակած սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ այն մերժելի է և պարունակում է հիմնարար սպառնալիքներ։

Ըստ տարածված հայտարարության՝ համախմբումը դիտարկում է սահմանադրական նախագիծը որպես արտաքին պարտադրանքի և երկրի ներսում իշխանության կենտրոնացման գործիք։ Հայտարարության մեջ առանձնացվել են երկու հիմնական մտահոգություններ։ Առաջինը վերաբերում է արտաքին թելադրանքին և ինքնիշխանության վտանգին.

Ընդդիմադիր համախմբման գնահատմամբ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է բերվել Ադրբեջանի պահանջով՝ որպես խաղաղության նախապայման։ Նախաձեռնության անդամները պնդում են, որ նման նախագիծը վտանգում է պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը, կապ չունի հայ ժողովրդի ինքնության ու ազգային արժեքների հետ և խոչընդոտում է երկրի զարգացման հեռանկարներին։ Երկրորդ մտահոգությունը իշխանության կենտրոնացումն է. հայտարարության հեղինակները կարծիք են հայտնել, որ իշխող ուժն այս գործընթացն օգտագործում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու և ավտորիտար կառավարման համակարգն ամրապնդելու նպատակով։

Համախմբումը նաև արձանագրել է, որ, իրենց համոզմամբ, իշխող ուժը չունի լեգիտիմություն սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար, իսկ հասարակության բևեռացվածության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների պայմաններում հնարավոր չէ ապահովել ժողովրդավարական ու բազմակարծիք քննարկումներ։

Ամփոփելով՝ «Ընդդիմադիր համախմբումը» հայտարարել է, որ վճռականորեն մերժում է նոր սահմանադրության նախագիծը և համերաշխություն է հայտնում խորհրդարանական ընդդիմության դիրքորոշմանը՝ պատրաստակամություն հայտնելով համախմբված ուժերով պայքարել դրա ընդունման դեմ։ Տեղեկացվում է նաև, որ առաջիկա օրերին կհայտարարվի այս օրակարգով համախմբման հանդիպման մասին։

Հիմա եթերում