Որտեղ լռությունն է խոսում. Մարիա Սահակյանի կինոաշխարհը

24 Հուլիսի 2025, 22:15

Հայեր

Ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին Երևանում` հայ բանաստեղծուհի Սեդա Վերմիշևայի ընտանիքում: 1993 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, իսկ 1996 թվականին Մարիան ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է փորձարարական ռեժիսոր Վլադիմիր Կոբրինի արվեստանոցում։

Նրա դեբյուտային՝ «Հրաժեշտ» կարճամետրաժ ֆիլմը (2003 թ.), ներառվել է հոլանդական Ռոտերդամի կինոփառատոնում: Այն ցուցադրվել է Ռոտերդամում, Թելուրիդում, Անժերում և Օբերհաուզենում, իսկ Երևանում արժանացել է «Ոսկե ծիրան»-ի Գրան պրիին:

2006 թ․ էկրան բարձրացավ Մարիայի առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը», որում նա աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Սոս Սարգսյանը և Սոֆիկո Չիաուրելին: Սա ֆիլմ էր պատերազմի մասին` առանց պատերազմի: Այն մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«Ես չեմ» (2012 թ.), «Էնտրոպիա»(2012 թ.), «Սխտոր, սոխ և պղպեղ» ֆիլմերում (2013 թ.) Սահակյանը խոսել է ինքնաճանաչման, պատերազմական տրավմայի, կորստի և կանանց խոցելիության մասին։ «Ես չեմ» ֆիլմում նա էկրան է բարձրացրել Էվրիդիկային՝ պատերազմի ժամանակ ձայն ու լույս փնտրող աղջկան։

Մարիան հինգ երեխաների մայր էր։ Նրա ամերիկահայ ամուսինն աջակցում էր նրա ստեղծագործական գործունեությանը բարդ պայմաններում։ Սահակյանը շարունակել է հեղինակային ֆիլմեր նկարահանել և մոնտաժել Երևանում՝ պահպանելով տեսողական պոեզիան, փիլիսոփայական մոտիվներն ու խորը հուզականությունը համադրող ոճը:

Նա կյանքից հեռացել է 2018 թվականի հունվարի 28-ին՝ 37 տարեկան հասակում, քաղցկեղի դեմ պայքարելուց հետո։ Իր կտակի համաձայն՝ թաղված է Սանահինի վանական համալիրին կից գերեզմանոցում։

Նրա ֆիլմերն արժանացել են Սավվա Կուլիշի անվան մրցանակների, հայկական «Հայակ» կինոմրցանակի, ճանաչված է եղել Եվրոպայում և Ռուսաստանում: Եվ այնուամենայնիվ, նրա հիմնական ժառանգությունը հանդիսանում է կնոջ հանգիստ, բայց հզոր ձայնը, որը հաղթահարում է վախը և խավարը՝ կերպարի, ինտոնացիայի և հիշողության միջոցով։