«Ձեզնից միայն մնացորդներ են մնալու»․ ադրբեջանցի պատգամավորը սպառնացել է ռուս քաղաքական գործիչներին

12 Օգոստոսի 2025, 16:00

Քաղաքականություն

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը «Baku TV» ալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ Պետդումայի ռուս պատգամավոր Անդրեյ Գուրուլևի՝ Ադրբեջանի դեմ նոր հատուկ ռազմական գործողություն սկսելու սպառնալիքները:

«Գուրուլևի Պետդումայի պատգամավոր դառնալու փաստը նրան ավելի խելացի չի դարձրել: Շատ ռուս զինվորականներ կարծում են, որ գլուխն անհրաժեշտ է միայն գլխարկ կրելու համար»,- հայտարարել է Մուսաբեկովը։

Պատգամավորի կարծիքով՝ Կովկասի աշխարհագրական պայմանները Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները գրեթե անհնար են դարձնում: «Բացեք քարտեզը և տեսեք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանն անցնում է Մեծ Կովկասյան լեռնաշղթայով։ Ինչպե՞ս եք պատրաստվում այնտեղ ինչ-որ հատուկ ռազմական գործողություն անցկացնել: Ձեզնից կմնան միայն մնացորդներ», — ընդգծել է նա։

Մուսաբեկովը նաև նշել է, որ ադրբեջանական բանակը զգալիորեն գերազանցում է Կովկասում ռուսական զորքերին և ունակ է արդյունավետ պաշտպանել երկիրը: «Ադրբեջանական բանակը պրոֆեսիոնալ զորք է, այլ ոչ թե բանտային հանցագործների խումբ, ինչպես ռուսական որոշ ստորաբաժանումներին», — ասել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցներին և առևտրի սահմանափակմանը, Մուսաբեկովը վստահ է, որ Ռուսաստանը ոչինչ չի շահի: «Եթե ադրբեջանական ապրանքները չհասնեն Ռուսաստան, ոչինչ, հացահատիկ և կարագ կարելի է ներմուծել Ղազախստանից և Ուկրաինայից, իսկ ռուսական կամազները կփոխարինվեն շվեդական և գերմանական մեքենաներով», — նշել է նա:

Վերջում պատգամավորը ռուս քաղաքական գործիչներին կոչ է արել զերծ մնալ սպառնալիքներից և սադրանքներից: «Եթե նման արտահայտությունները շարունակվեն, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները նվազագույնի կհասցվեն։ Իսկ Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիներին ճնշելը խայտառակություն է»,- ընդգծել է Մուսաբեկովը։

Հիմա եթերում