ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արևմուտքը տարածաշրջան բերելն է. Նիկոլայ Սիլաև

13 Օգոստոսի 2025, 21:20

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՄՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Ուկրաինա զենքի հնարավոր մատակարարմանը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ խաղաղությունն ու անվտանգությունը կայանում են Արևմուտքը տարածաշրջան բերելու և Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված բոլոր պահանջներին համաձայնելու մեջ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, մնացած բոլոր փաստաթղթերը եռակողմ հռչակագիր և փոխըմբռնման հուշագրեր են, որոնք Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկկողմ ռեժիմով ստորագրել են ԱՄՆ-ի հետ։ Եռակողմ համատեղ հռչակագրում նշվում է այսպես կոչված «Թրամփի ճանապարհը», ընդ որում, չի ասվում, թե ինչ երթուղի է դա, ինչպես է այն անցնում, ինչ պայմաններով ու սկզբունքներով է աշխատում։

Իրադարձությունների զարգացման ինչ տարբերակներ կարող են լինել։ Առաջին տարբերակն այն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, իր տարածքի մի մասը զիջում է ԱՄՆ-ին՝ իր բոլոր ինքնիշխան իրավունքներով։ Երկրորդ տարբերակը՝ ինչ-որ մասնավոր ամերիկյան ընկերություն վարձակալությամբ ստանում է ճանապարհը, դրա վրա կառուցում է տրանսպորտային ենթակառուցվածքներ, պահեստներ և այլն, ընդ որում, սահմանային վերահսկողությունն իրականացնում են հայ սահմանապահները, իսկ ճանապարհների անվտանգությունը՝ հայ ոստիկանները։ Բայց այդ դեպքում ինչի՞ համար է պետք ԱՄՆ նախագահին հրավիրել։ Կարծում եմ՝ խոսքը ինչ-որ հիբրիդային տարբերակի մասին է. մասնավոր ընկերությունը կառուցում է ճանապարհը, ստանում է այն կառավարելու իրավունք, իսկ նույն կամ մեկ այլ մասնավոր ընկերություն կապահովի սահմանային և մաքսային հսկողությունը։ Բայց դա իրականացնելու համար անհրաժեշտ է շատ լուրջ փոփոխություններ մտցնել Հայաստանի Սահմանադրության մեջ»,- ասել է Սիլաևը։

Ըստ նրա՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակներում նույնպես պայմանավորվածություններ ունի։

«Եվ, ընդհանուր առմամբ, այն սահմանը, որը Սյունիքում Հայաստանն Ադրբեջանից բաժանում է, Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանն է։ ԵԱՏՄ անդամները նույնպես կարող են հարցնել՝ իսկ ո՞վ է, իրականում, իրականացնում այդ տարածքի սահմանային վերահսկողությունը»,- հավելել է Սիլաևը։

Փորձագետի խոսքով՝ որքան էլ որ տատանվի ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանը, միևնույն է, կմնա տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողներից մեկը։

«Մեղադրանքներն այն մասին, որ ռուսական մասնակցությունն ու ներգրավվածությունը բավարար չէին, մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերին, կարելի է ընդունել միայն մասամբ։ Բայց արդյոք դա նշանակում է, որ պետք է խզել հարաբերությունները։ Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը պետք է դուրս գա այն դաշինքներից, որոնցում գտնվում է Ռուսաստանի հետ։ Աշխարհում բացարձակ դաշինքներ չկան։ Աշխարհում բացարձակ միջազգային անվտանգության երաշխիքներ չկան։ Աշխարհում դաշնակիցներ չկան, որոնք պատրաստ են ձեր փոխարեն կռվել, նույնիսկ եթե դուք ինքներդ ձեր համար կռվել չեք պատրաստվում»,- նշել է Սիլաևը։

Նա միաժամանակ ասել է, որ Անդրկովկասում ռուսական ազդեցությունը նվազում է։

«Ե՛վ Ռուսաստանում, և՛ նրա սահմաններից դուրս կան մարդիկ, որոնք համոզված են՝ Անդրկովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության նպատակն այս տարածաշրջանում բացարձակ գերիշխանությունն է։ Կարծում եմ, որ նման նպատակ չկա։ Անդրկովկասում, ինչպես հետխորհրդային տարածքի այլ տարածաշրջաններում, Ռուսաստանի շահերը երկուսն են՝ նախ, որպեսզի Ռուսաստանի հարևան երկրները չմտնեն ռազմական դաշինքներ, որոնց Ռուսաստանը չի պատկանում, և հանդես չգան որպես Ռուսաստանի դեմ ուղղված երրորդ ուժերի հենակետեր, և, երկրորդ, որպեսզի այդ պետությունների քաղաքական էլիտաները չստեղծեն և չքարոզեն ակնհայտորեն հակառուսական գաղափարախոսություն։

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը դեռ չեն միացել Ռուսաստանի դեմ ուղղված ինչ-որ երրորդ երկրների դաշինքներին։Ինչ վերաբերում է հակառուսական գաղափարախոսությանը, ապա այստեղ իրավիճակը լավագույնը չէ՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Երկու երկրներում էլ իշխանությունները ներկայացնում են Ռուսաստանին որպես գլխավոր թշնամի։ Պետք է ինչ-որ կերպ համագործակցել, աշխատել այդ ուղղությամբ, փոխանցել գործընկերներին, որ նման գաղափարախոսության տարածումն անարդյունավետ և վնասակար է, առաջին հերթին՝ իրենց համար։Որքան էլ որ տատանվի ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանը, միևնույն է, կմնա տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողներից մեկն՝ իր մասշտաբների, տնտեսական, ռազմական և այլ նշանակության պատճառով»,- ասել է Սիլաևը։

Փորձագետը նաև մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն Ադրբեջանի կողմից Ուկրաինա զենքի հնարավոր մատակարարման, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայանալիք հանդիպումից սպասելիքների մասին։

Հիմա եթերում