Փաշինյանը ցանկացած մեթոդի դիմելու է՝ իշխանությունը պահելու համար․ Հակոբ Բադալյան

15 Օգոստոսի 2025, 23:54

Քաղաքականություն

Քաղաքականության մեջ նման խոշոր խաղացողի ներգրավումը, բնականաբար, անհանգստություն է առաջացնելու իշխանության մոտ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ուժի ստեղծումը։

«Դա, բնականաբար, անհանգստություն է առաջացնելու՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն ունի բազմաթիվ ներքին խնդիրներ՝ վարկանիշից մինչև իր և իր թիմի ընդհանուր քաղաքական նկարագիր։ Անընդունելի է, բայց նաև հասկանալի, թե ինչու է կիրառվում այնպիսի մեխանիզմ, ինչպիսին իրավապահ համակարգի ներգրավումն է։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, սա չպետք է անակնկալ լինի ցանկացած ուժի համար, որը մտնում է քաղաքական պրոցեսների մեջ։ Հակառակը, գուցե մի քիչ տարօրինակ հնչի, բայց այսպիսի տրամաբանությամբ իշխանության արձագանքը կարող է դիտվել անգամ հնարավորություն՝ դաշտ մտնող խաղացողի համար»,- ասել է Բադալյանը։

Պատասխանելով հարցին, թե այս փուլում Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելով, ի՞նչ է ապացուցում Փաշինյանը, քաղաքական մեկնաբանը նշել է․ « Բնականաբար, փորձ է արվում ցույց տալ, որ իրավիճակն ամբողջությամբ իր վերահսկողության ներքո է։ Նիկոլ Փաշինյանը ցանկացած մեթոդի դիմելու է՝ իշխանությունն ու իր դիրքերը պահելու համար»։