Արցախցի Արման Ավանեսյանն արժանացել է 2025 թ. համաշխարհային խաղերի լավագույն մարզիկի կոչմանը
18 Օգոստոսի 2025, 19:40
Հայ սամբիստ Արման Ավանեսյանը դարձել է Չենդուում (Չինաստան) անցկացվող 2025 թ. համաշխարհային խաղերի գլխավոր հերոսներից մեկը։ Հանդիսավոր արարողության ժամանակ նա պարգևատրվել է հատուկ մրցանակով՝ որպես մրցաշարի լավագույն մարզիկ։ Այս մասին հայտնում է sportaran.com-ը:
Պարգևատրման արարողությունը կայացել է մարտական սամբոյի մրցաշարի շրջանակում, որտեղ Ավանեսյանը նվաճել է ոսկե մեդալ 98 կգ քաշային կարգում։
Ավանեսյանը նշել է, որ հաղթանակին տանող ճանապարհը հեշտ չէր. «Առաջին իսկ րոպեներից պարզ էր, որ հեշտ մրցապայքարներ չեն լինելու։ Առաջին մրցակիցը՝ աշխարհի երկակի չեմպիոն, երկրորդը՝ նույնպես տիտղոսակիր սամբիստ, իսկ եզրափակչում՝ Եվրոպայի չեմպիոն։ Յուրաքանչյուր մենամարտ իսկական քննություն էր։ Բայց այն ամենը, ինչ ներդրել էինք պատրաստության մեջ, արդարացվեց։ Շնորհակալ եմ Աստծուն և բոլորին, ովքեր կողքիս էին ու աջակցեցին ինձ»,- ասել է նա: