Հայ-ամերիկյան DeepSat ստարտափը պայմանագիր է կնքել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ

30 Օգոստոսի 2025, 23:53

Քաղաքականություն

ԱՄՆ-ում և Հայաստանում տեղակայված DeepSat ստարտափը, որը զբաղվում է տիեզերական հետազոտություններով, ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ պայմանագիր է կնքել Direct to Phase II SBIR ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ստեղծել «Օրիոնի գոտի» արբանյակային համաստեղություն, որը կգործի Երկրի գերցածր ուղեծրում՝ մոտ 250 կմ բարձրության վրա՝ ապահովելով Երկրի դիտարկումն իրական ժամանակում:

Նոր հարթակը համադրում է ցածր ուղեծրի առավելությունները արհեստական բանականությամբ տվյալների տեղում մշակման հետ: Սա թույլ կտա օպերատիվ կերպով հայտնաբերել նավեր և այլ օբյեկտներ՝ ապահովելով մշտական ծածկույթ նույնիսկ օվկիանոսի դժվար հասանելի հատվածներում:

«AFRL-ի (Ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիա) կողմից DeepSat-ի ընտրությունը արտացոլում է ճկուն և մասշտաբային տիեզերական հետախուզության նկատմամբ աճող պահանջարկը: Մենք հպարտ ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության ամենաարդիական խնդիրներից մեկի լուծման գործում»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ներսես Հովհաննիսյանը:

Առաջին ցուցադրական առաքելությունը նախատեսվում է 2027 թվականին: Պայմանագիրը հնարավորություն կտա փորձարկել հարթակի օգտագործումը ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակների համար՝ սկսած օվկիանոսում ապօրինի գործունեությունը հայտնաբերելուց մինչև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական աղետների վերահսկում:

Հիմա եթերում