Թուրքական և ադրբեջանական էժան ապրանքները՝ գնաճի հաղթահարմա՞ն միջոց
27 Սեպտեմբերի 2025, 18:00
2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 5,4 % տնտեսական աճ։ Անշուշտ լավ ցուցանիշ է Հայաստանի համար, բայց մենք այսօր էլ ունենք ոչ պակաս «լավ» ցուցանիշ, բայց միաժամանակ՝ բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Ուստի կարևորը ոչ թե թիվն է, այլ՝ որակը։
Իսկ ինչպիսի՞ն է տնտեսական աճի որակն այսօր։ Պաշտոնական վիճակագրությամբ հունվար-օգոստոսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,1 %-ով։ Կարող ենք ասել, որ տնտեսության ակտիվությունը շարունակում է բարձր տեմպով աճել։ Տնտեսական ակտիվությանը նպաստել են շինարարության 20,4% և ծառայությունների 10,2% աճը։
Մինչդեռ արդյունաբերությունը նվազել է 7,8 %-ով։ Ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց հավելյալ արժեք չի ստեղծվում։ Ինչո՞վ է բացատրվում այս ֆենոմենը։ Այդ երևույթի բացատրությունն այն աճերն են, որոնք դրական են նպաստել ընդհանուր ցուցանիշի վրա։ Շինարարության ու ծառայությունների ոլորտների աճը երկարաժամկետ, հավելյալ արժեք տնտեսությունում չեն ստեղծում, թեև մեծ դրական ազդեցություն ունենում են տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի վրա։
Առհասարակ միջին վիճակագրական քաղաքացուն տնտեսական աճը հետաքրքրում է այնքանով, որքանով, որ այդ ցուցանիշն ուղիղ կապ ու ազդեցություն ունի իր կյանքում։ Այսօր ունենք բարձր տնտեսական ակտիվություն, բայց համարժեք բա՞րձր են արդյոք նաև քաղաքացու եկամուտները, որպեսզի կարողանա դիմակայել տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշին որևէ կերպ չզիջող բարձր գնաճին։
Իսկ թանկացումներն իսկապես մտահոգիչ են։ Հատկապես առաջնային նշանակության ապրանքներն են շատ թանկացել։ Օրինակ՝ եթե հացը նախկինում կարելի էր գնել 200 դրամով, ապա այսօր արդեն առնվազն նույն հացը գնում ենք 20 դրամ թանկ։ Հացի դեպքում, եթե անգամ թանկացումը չդրսևորվի գնի վրա, ապա քաշի նվազմամբ դա վստահաբար նկատելի է բոլորին։ Եվ նույնը կարելի է դիտարկել մնացած ապրանքախմբերի դեպքում։ Թեև նշված ապրանքախմբերի թանկացումներն ակնհայտ են այնքան, որ հաշվարկներով ներկայացնելու կարիք չկա։ Իսկ ո՞րն է լուծումը։
Լուծման երկու մոտեցում կա՝ օրինակելի կամ այն, ինչ կարելի է մտածել, մշակել և այն, ինչ առաջարկվում է այսօր։
Օրինակելի լուծումներից ամենապարզը բնակչության եկամուտների ինդեքսավորումն է, պարբերաբար ինդեքսավորումը՝ գնաճին համապատասխան։ Մենք դա չունենք։
Իսկ ի՞նչ են առաջարկում օրվա իշխանությունները։ Վերջին օրերին շրջանառվում է թեզ, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արդյունքում Հայաստան կներմուծվեն էժան ապրանքներ։ Այս թեզը, գուցե ուղղակի առաջարկ չէ թանկացումների դեմ պայքարի, բայց որևէ կերպ պատահական չենք համարում հենց այս պահին՝ թանկացումների այս շրջանում նման թեզի շրջանառումը։
Այն դեպքում, երբ մենք ունենք արդյունաբերության հետ կապված խնդիրներ, որոնք ևս կարող են առաջացնել նման գնաճ, տնտեսական քաղաքականություն մշակողներն առաջարկում են «լավ տարբերակ»՝ ի դեմս թուրքական և ադրբեջանական էժան ապրանքների։ Այսինքն՝ այսօր չեն նշմարվում նախադրյալներ, որ հետագայում կարվեն գործողություններ՝ լուծելու արդյունաբերության հետ կապված խնդիրները։