Պեպոն ու Զիմզիմովը՝ «4-րդ Հանրապետությունում»․«Ուշադրությունից դուրս»
28 Սեպտեմբերի 2025, 21:14
Խաղաղության գաղափարի որդեգրումը իբրև «Իրական Հայաստանի» հիմնաքարային արժեք ենթադրում է, որ անհրաժեշտ է այդ գաղափարի իրացումն ապահովել հետագա շղթայում՝ արվեստային տարբեր ձևերի ու մշակութային տարբեր իրադարձությունների, գիտական, կրթական հետազոտությունների և քաղաքաշինական բովանդակության մեջ։ Սա «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» հայեցակարգից մի հատված է։
ԿԳՄՍ նախարարության մշակած նոր հայեցակարգը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն դրվել է քվեարկության։ Նախագծի հրապարակման առաջին իսկ պահից արվեստագետներն ու մշակութաբաններն այն գնահատեցին իբրև գրաքննություն և ստեղծագործական մտքի սահմանափակում։
Նույնիսկ իրավական ոլորտից հեռու ֆեյսբուքյան շատ օգտատերեր նախագծի տեքստում նկատել են զավեշտի հասնող դրույթներ։
Նախագծի հեղինակների համոզմամբ՝ հայ բեմում վիշտն ու ողբերգությունը գերակշռում են, ուստի այն պետք է հակակշռվի հակառակ էմոցիաներով։ Հայեցակարգում առանցքային կետերից մեկը «Խաղաղության» գաղափարի մասին է, որը պետք է քարոզվի արվեստի բոլոր արտահայտչամիջոցներով․
«Խաղաղության գաղափարի որդեգրումը իբրև Իրական Հայաստանի հիմնաքարային արժեք ենթադրում է, որ անհրաժեշտ է այդ գաղափարի իրացումն ապահովել հետագա շղթայում՝ արվեստային տարբեր ձևերի ու մշակութային տարբեր իրադարձությունների, գիտական, կրթական հետազոտությունների և քաղաքաշինական բովանդակության մեջ»։
Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։
Արդյոք այս սահմանափակումները խորը հակասության մեջ չեն ՀՀ Սահմանադրության և Հայաստանի կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաների հետ: Նոր սահմանափակումներն ի՞նչ խոչընդոտներ են ստեղծելու պետական և մասնավոր թատրոններում բեմադրվող ներկայացումների համար, և այս նախագծով ո՞ր ներկայացումներն արդեն իսկ կարելի է համարել վիճելի:
AlphaNews-ը թեմայի շուրջ զրուցել է մշակույթի և իրավական ոլորտի մասնագետների հետ։