ԵԽԽՎ-ում Ձախերի ներկայացուցիչ. Արցախցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ նրանց միջազգային իրավունքն է
01 Հոկտեմբերի 2025, 21:30
Բացի այն, որ ես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Եվրոպական միացյալ ձախեր (UEL) խմբի համանախագահն եմ, ես նաև կիպրացի եմ։ Իմ երկիրը տառապում է բնակչության տեղահանումից 1974 թվականի թուրքական ներխուժումից ի վեր՝ արդեն 51 տարի: Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարել է կիպրացի պատգամավոր Ջորջ Լուկաիդեսը, ով ԵԽԽՎ նիստի ժամանակ ՀՀ վարչապետին հարց էր ուղղել փախստականների մասին։
«Համոզված ենք, որ ցանկացած համաձայնագրում միջազգային իրավունքը պետք է պահպանվի։ Դա նշանակում է փախստականների և տեղահանված անձանց՝ իրենց ծննդավայրեր, իրենց տներ, իրենց սեփականություն վերադարձի իրավունք։ Հենց սրանով էր պայմանավորված իմ հարցը՝ արդյոք տվյալ խաղաղության համաձայնագիրը նախատեսո՞ւմ է փախստականների իրավունքները՝ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո, որի հետևանքով ավելի քան 100 000 հայ ստիպված եղավ լքել իրենց տները Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում»,- ընդգծել է նա: